ՙՀԵՏԱԽՈՒԶԵԼ՚ Է ՏՈՒԺՈՂԸ
Անպաշտպան կնոջ պարանոցից կախված ոսկյա շղթան եւ խաչը գայթակղել էին վանաձորցի 22-ամյա երիտասարդին: Անդրանիկը 36-ամյա մի կնոջ պարանոցից պոկել ու բացահայտ հափշտակել էր դրանք Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի խանութներից մեկում: ՙԱմեն ոք պետք է կրի ի°ր խաչը՚ ասացվածքի ճշմարտությունը այս դեպքում հաստատվել էր նույն օրը. մի քանի ժամ անց կինը փողոցում նկատել եւ ճանաչել էր կողոպտիչին ու այդ մասին հայտնել էր իրավապահներին, որից հետո Ոստիկանության Վանաձորի եւ Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ Վանաձորի Ավետիսյան փողոցից բերման է ենթարկվել հանցագործը: 250 000 դրամ արժեք ունեցող գողոնի մասին դեռ տեղեկություններ չկան:
ՂՈՒԿԱՍՅԱՆՆԵՐԻ ՙԳԼԽԻՆ՚ ԳԱԼՈՎԻ Է
Գյումրիի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՙգլխի գագաթային շրջանի վերք՚ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված, նախկինում դատված Կոլյա Ղուկասյանը` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր` Գեւորգ Ղուկասյանի որդին: Հիվանդը հայտնել էր ոստիկաններին, թե` այդ օրը, ժամը 14:00-ի սահմաններում, իրենց տան մոտ` կտուրից սառույց էր պոկվել ու ընկել իր գլխին: Ոստիկանների գլխին սառույց չէր ընկել. նրանք շատ արագ պարզել էին, որ փետրվարի 10-ին Գյումրիի Աճեմյան փողոցի թիվ 55 տան մոտ վիճաբանության ժամանակ նրան չպարզված առարկայով հարվածել եւ վնասվածքը պատճառել էր 1995 թ. ծնված Գեւորգ Խ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Գեւորգ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
ՙԲՈՂՈՔԻ ԳԻՐՔԸ՚ ԳՐՊԱՆՈՒՄ ԷՐ
Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ռաֆայել Թադեւոսյանը յուրօրինակ ձեւով էր հայտնել իր դժգոհությունը ՙԼյուքս՚ սրճարանի սպասարկումից: Նա վիճաբանել, ապա հաջորդ օրը կրակահերթով շուրջ 30 փամփուշտ էր արձակել սրճարանն աշխատեցնող Կ. Գրիգորյանի վրա:
Ըստ` արդեն դատարան ուղարկված քրեական գործի նյութերի. ՙՌաֆայել Թադեւոսյանը Վարդենիս քաղաքի ՙԼյուքս՚ սրճարանում վիճաբանել էր սրճարանն օգտագործող Կ. Գրիգորյանի հետ եւ մատուցումից դժգոհ հեռացել: Հաջորդ օրը Ռ. Թադեւոսյանը ճանապարհին, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթով շուրջ 30 փամփուշտ էր արձակել Կ. Գրիգորյանի վրա, ում մոտ կանգնած են եղել այլ անձինք, սակայն, հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով` ավարտին չի հասցրել՚:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ