“ՊԱՐՈ՛Ն ՐԱՖՖԻ, ԴՈՒ ԱՐԴԵՆ ՀԵՔԻԱԹ ՊԱՏՄՈՂ ԵՍ”
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուների իրականացրած քարոզարշավին՝ նշեց. “Մեկն արդեն հանել է իր թեկնածությունը , մյուսն էլ "պալատկում" նստած ասում է` լավ, համակերպվեք, դուք բոլորդ պարտվել եք: Անդրեաս Ղուկասյանի մասին ի՞նչ խոսեմ, խոսելու բան չկա: էլ չեմ ասում, որ քաղաքական ծրագիր էլ չի ներկայացնում ու չի բացատրում: Արման Մելիքյանը նախկին արտգործնախարար է , նախկին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ, ի՞նչ խոսեմ նրա մասին, երբ երկրորդ, թե երրորդ անգամ փորձ է անում , բայց ես չեմ տեսել իր կողմից ակտիվ քարոզարշավ կամ ինչ-որ ակտիվ մեկնաբանություններ: Ո՞վ մնաց, Վարդան Սեդրակյա՞նը: Նա արդեն կանխագուշակել է, որ պետք է ձեռբակալվի ու գնա բանտ նստի, ընդ որում, բոլոր հանցագործությունների համար: Նրանք սարքում են ոչ թե թատրոն, այլ կրկես ու դրանում մյուս չորս գլխավոր թեկնածուներն են մեղավոր”: Ինչ վերաբերվում է ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, վերջինս հավելեց. “Նա պարզապես մտածում է, որ Հայաստանում չեն մնացել մարդիկ, ովքեր 90-ական թվականներին ՀՀՇ-ի վարչակազմի օրոք իր տնտեսական “հրաշքներն” ապրեցին: Հ.Բագրատյանը մտածում է, որ բոլորը մոռացել են իրողությունը եւ նա կարող է այսօր մեկնաբանություններ տալ ու ասել, թե ինքը ժամանակին շատ լավ վարչապետ էր ու ամեն ինչ ճիշտ էր անում: Թեպետ վերջում խոստովանում է, թե “դուք գիտեք էլի, որ ես չէի որոշումներ ընդունողը”: Այդ դեպքում հիմա ինչի՞ ես խոսում, պարոն Բագրատյան: Եթե դու ո՛չ այն ժամանակ, ո՛չ այսօր քաղաքական գործիչ չես, այլ ինչ-որ մեկի օժանդակ ուժ ես , արի մնա այդ կարգավիճակում: Այնպես որ, Հ.Բագրատյանի քարոզարշավը եւս անլուրջ է” : Այնուհետեւ պարոն Շաքարյանցը հատ առ հատ վերլուծեց ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրային դրույթները, որը ներկայացնում ենք ստորեւ.
1.Բյուջե ենք վերադարձնելու օլիգարխիկ ստվերից 250 միլիարդ դրամ…
Արդեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է վերադարձնելու , ո՞ւր է մեխանիզմը: Ես ընտրող եմ ու ուզում եմ հասկանալ, բայց քանի որ ես քաղաքական վերլուծաբան եմ, ասում եմ, պարո՛ն Րաֆֆի, միայն սահակաշվիլիզմը կրկնելով կարող եք ձեռք բերել դա: Չեմ կարծում, թե դուք խոսքով կհամոզեք օլիգարխներին վերադարձնել ինչ-որ մի ուրիշ ճանապարհով ձեռք բերած հարստությունները: Դուք կարող եք նրանց պարտադրել, իսկ դա կնշանակի սահակաշվիլիզմ, այսինքն` ոչինչացնել հին օլիգարրխներին եւ ստեղծել այնպիսի օլիգարխներ, որոնք Ձեզ հավատարիմ են: Ես առաջարկում եմ Վրաստանի նման չսպասել տասը տարի, որպեսզի համոզվեն, որ սահակաշվիլիզմը նույն զիբիլն է, որը եղել է առաջ: Ի՞նչ տարբերություն Նինո Բուրջանաձեի պապան է օլիգարխ, թե՞ Սահակաշվիլու մամայի ծանոթներից մեկը: Այստեղ մեծ տարբերություն չկա: Այդ օլիգարխիկ ստվերի դեմ ինչպե՞ս ես պայքարելու, եթե այդ ստվերի ստեղծողը դեռ Սովետի ժամանակ է եղել օլիգարխ: Դու ինչ, Հայաստանը ուզում ես լրիվ մաքրե՞լ օլիգարխներից , այդ ինչպե՞ս ես անելու: Իսկ եթե պատրաստվում ես օլիգարխներին ասել, որ իրենց ժամկետ ես տալիս, իրենք պարզապես կապիտալի արտահոսք կկազամակերպեն Հայաստանից:
2.Վերացնելու եմ կոռուպցիան…
Երկու անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է պետական պաշտոններ, թեպետ մեկը եղել է ոչ պետական, դե Հայաստան հիմնադրամի պաշտոնը չի կարելի համարել պետական, չնայած՝ պետական հովանու ներքո է գտնվում: Երկու անգամ էլ ղեկավարելով պետական կառույց՝ նա չի կարողացել կոռուպցիան վերացնել: Այդ ինչպե՞ս եղավ, որ հիմա համոզված է, որ կկարողանա կոռուպցիան ջարդել մինչեւ վերջ, երբ դառնա նախագահ: Պարոն Րաֆֆի, դու արդեն հեքիաթ պատմող ես:
3.Ստեղծել բարձր վարձատրությամբ 180.000 նոր աշխատատեղ…
Ինչպե՞ս, որտե՞ղ : ՀՀՇ-ի քո ընկերները վաղուց թալանել են այն գործարանները, որոնք ինչ-որ ձեւ կարելի էր աշխատացնել: Թող չասեն, թե հնագույն ու հնամաշ են եղել այն սարքավորումները, որոնք տարել են Թուրքիա կամ Պարսկաստան եւ մետաղի տեղ վաճառել են: Այդ ստերով կարող է Րաֆֆի Հովհաննիսյանը խաբել առաջին դասարանցիներին, բայց դժվար թե կխաբի այն ժողովրդին, որ ապրել է 90-ական թվականներին Հայաստանում:
4. Քանդելու ենք իշխանական մենաշնորհները…
Ինչի՞ համար, որպեսզի բերի արտասահմանյա՞ն մենաշնորհները: Թեպետ արդեն կատարվում է դա, ԱՄՆ դեսպանն ակնհայտորեն լոբինգ է անում, որպեսզի մենք հայերին այստեղ ջարդենք ու բերենք ֆրանսիական մենաշնորհները: Տեսել ենք, թե ֆրանսիացիները՝ ստեր փչելով, ինչ են արել մեր կոնյակի գործարանի հետ: Հավատում եմ, որ Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է, բայց տեսնում եմ, որ ֆրանսիական օլիգարխները մեր օլիգարխներից «բեթար» են: Հիմա էլ մեր հյուրանոցային բիզնեսը պարոն Հեֆֆերնն առաջարկում է ինչ-որ մի ֆրանսիական ֆիրմայի հանձնել:
5. 600.000 քաղաքացի դուրս է գալու աղքատության ճիրաններից…
- Պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, ճշտեք Ձեզ համար, թե աղքատությունը ինչպիսի՞ վիճակ է: Ես համարում եմ աղքատ այն մարդուն, ով այսօրվա օրով ոչ թե նվազագույն աշխատավարձ է ստանում , այլ նաեւ 150-200 հազար դրամ: Այս մեկին էլ են աղքատ համարում, որովհետեւ այդ փողը չի հերիքում ոչ մի բանի: Գների աճը ոչ մեկը չի կանգնեցնում ու միտք չունի կանգնեցնելու: Ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ո՛չ էլ, մանավանդ, Հրանտ Բագրատյանը:
6. Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է ավելի քան 600 տոկոս արտասահմանյան ներդրումների աճ...
- Մեխանիզմը բացատրե՛ք, ինչպե՞ս: Չնայած, եթե Հովհաննիսյանը պատրաստվում է մեզ սահակաշվիլիզմի ճանապարհով տանել, այդ դեպքում այն մարդիկ, ովքեր կհամախմբվեն իր շուրջ կարող են ստանալ Սահակաշվիլու վարչակազմի նման Ամերիկայի բյուջեից մի քանի տարի ֆինանսավորում: Բայց, լավ, բա բնակչությո՞ւնը, շարքային ընտրո՞ղը: Այդ ներդրումներն ինչպե՞ս է ապահովելու: Նա գիտի, որ ամերիակահայ է, ուրեմն՝ բոլոր արտասահմանցի օլիգարխները իրեն փո՞ղ կվստահեն: Նրանք երբեք Րաֆֆի Հովհաննիսյանին փող չեն վստահի: Նույնիսկ Արա Աբրահամյանը փող չի վստահում, թեպետ սփյուռքահայ է:
7. Պարոն Հովհաննիսյանը պարտադրվում է ժամանակակից սպառազինությունների ֆինանսավորում ապահովել Հայաստանին…
- Սա ի՞նչ է նշանակում , այսօրվա դրությամբ, իբր թե, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հայաստանը չո՞ւնի սպառազինություններ: Ուրեմն՝ նա համոզված է, որ մենք չունե՞նք, այսինքն՝ ինչո՞ւմ է մեղադրում, ո՞ւմ է մեղադրում: Ուզում է ասել, որ մենք անզե՞ն ենք, թե՞ մենք այնքան զինված ենք, որ կարող ենք հարվածել ամերիկյան-իսրայելական ստեղծված զիբիլական սարքերը: Եվ դրա համա՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանը նեղացել Ամերիկայի փոխարեն, որ ամերիկյան ապարատ կարող ենք խփել: Էս ինչ անպատասխանատու թեկնածու է…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ