"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ՇԱՐՔԵՐՈՒՄ` ԴԱՎԱՃԱՆՆԵ՞Ր
Պարադոքսային տրամաբանությամբ "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները հայտնում են, թե իբր նախագահական ընտրությունները անարդար էին, ու բազմաթիվ խախտումներ են եղել, սակայն ի հեճուկս նրանց, պետք է նշել, որ 1988 ընտրատեղամասերում հանձնաժողովի 1988 "Ժառանգության" ներկայացուցիչներ ստորագրել են ընտրության արդյունքների արձանագրությունները: Թե արդյո՞ք չեն վստահում իրենց ներկայացուցիչներին եւ կասկածի տակ են դնում նրանց ստորագրությունները, "Իրավունքը" պարզեց ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
- Ինձ թվում է, այս հարցի պատասխանը պարոն Ր.Հովհաննիսյանը տվել է ցույցերից ամենաառաջինի ժամանակ, երբ ասել է, որ նույնիսկ "Ժառանգության" շրջանակներում են եղել խնդիրներ` կապված դավաճանության հետ: Բացի դրանից, չմոռանանք, որ հանձնաժողովներում եղել են մեր կողմից ներկայացված մարդիկ, որոնք ինչ-որ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ են եղել, ովքեր, այնուամենայնիվ, ստորագրել են այդ արձանագրությունները, եւ հետո մենք տարբեր պատմություններ ենք լսել: Ամբողջ խնդիրն այն է, որ մեզ չհաջողվեց բոլոր տեղերում կոնկրետ ֆիքսել ընտրախախտումները: Որտեղ կարողացել ենք` ձեռքերը բռնել ենք, ֆիքսել ենք, չենք թողել ընտրախախտումներ լինեն, շատ տեղեր էլ փորձել ենք` չի ստացվել: Բայց դրա մասին չենք խոսում, որովհետեւ, ի վերջո, կարողացել ենք ճիշտ քվեների քանակը պահպանել: Չմոռանանք, որ նույն 10 մարզկենտրոններից 7-ում, նույնիսկ պաշտոնական թվերով մենք հաղթում ենք: Սա չի նշանակում, որ այդտեղ չեն փորձել ընտրախախտումներ անել: Պարոն Հովհաննիսյանն այդ իմաստով է նշել, որ "Ժառանգության" շարքերում էլ են եղել մարդիկ, որոնք դավաճանաբար չեն պահպանել մեր ունեցած քվեները, հատկապես, օրինակ, փոքր, հեռավոր գյուղերում, որոնք գիտենք ինչքան բնակչություն ունեն, բայց ստացվում է, որ մոտավորապես 97 տոկոսը մասնակցել է եւ բոլորը քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին: Ստացվում է, որ այնտեղ եղել է այդ հարյուր տոկոսանոց մասնակցությունը, չնայած մենք փայլուն գիտենք, որ անհնարին է Հայաստանում որեւէ տեղ այդքան բարձր տոկոս մասնակցություն ունենա բնակչությունը ընտրություններին: Եթե չեմ սխալվում, Խոսրով Հարությունյանը հետաքրքիր մեջբերում արեց. "Ամենավտանգավորն այն է, երբ փորձում են ճշմարտանման պատմությամբ սխալը ապացուցել", ես նույնով իրենց եմ ցանկանում արձագանքել, ոչ թե անձերի հետ կապված, այլ երեւույթի: Շատ ճշմարտանման ստով են ուզում մեզ ապացուցել, ասում են բերեք փաստեր` տեսնենք, շատ տեղերից բերել ենք փաստեր, բայց դա էլ չեն ուզում տեսնել: Այս է խնդիրը, որ չկա հավատ, եւ կա թերահավատություն ու լիակատար պատկերացում, որ տեղի են ունեցել խախտումներ, որոնք, ցավոք սրտի, չի ստացվել բացահայտել, կամ ունեցել ենք մարդիկ, որոնք կամ ճնշման են ենթարկել, կամ ինչ-որ մի այլ իմաստով չեն կարողացել պահեն քվեները: Ունենք նաեւ շատ ու շատ այլ պատմություններ, որտեղ ոչ միայն "ժառանգության", այլ նաեւ մյուս կուսակցությունների եւ անկուսակցական նշանակված հանձնաժողովների ներկայացուցիչները այդ քաղաքացիական պարտքը զգացել են, որ չի կարելի խաբել, սա արդար չէ, ու միայնակ կարողացել են չկոտրվել ու պահպանել քվեները:
- Պարոն Պողոսյան, երեկ դասադուլի կոչերը մեծ աղմուկ էին բարձրացրել: Ի վերջո, դա խրախուսվո՞ւմ է "Ժառանգության" եւ նրա առաջնորդի կողմից:
- Ի սկզբանե, չի եղել մեր կողմից նախաձեռնության ինչ-որ քայլ, դա եղել է այն քաղաքացիական ակտիվիստների ցանկությունը, որոնք միացել են ընդհանուր այս շարժմանը եւ ասել են, որ մենք այս ձեւով ենք բարձրաձայնում մեր բողոքը: Դա միանշանակ չի եղել, այսպես ասած, մեր կողմից ողջունել այն կետը, որ այո, շատ լավ եք անում: Բայց, այսօրվա դրությամբ այդ մարդիկ փողոցում են եւ, բնականաբար, այս խնդրում ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է միացել, այնպես էլ շատերը փորձելու են պաշտպանել այն մարդկանց, որոնք փողոցում են եւ իրենց ձայնն են բարձրացնում: Ճիշտ մոտեցում է, թեª ոչ, այլ հարց է: Եթե դա, ընդհանրապես, վերածվի այն խնդրին, թե ուղղակի դասերից փախնենք` անունը դնենք դասադուլ, սխալ կլինի: Բայց, եթե լինելու է կոչ, իրական պահանջ եւ պահանջատիրություն, բնականաբար, դա անձի իրավունքներից մեկն է, որովհետեւ մարդիկ իրենց կոչն են արտահայտում, նախապես այդ մասին հայտարարելով, որ այս-այս հարցին դեմ լինելով, այս-այս ծրագրով մենք հայտարարում ենք սա: Իսկ ուղղակի օգտվել այն երեւույթից, որ եկեք դասադուլ անենք, քանի որ այս իրավիճակն է, կարող ենք առիթից օգտվել ու չմասնակցել, դրան համոզված եմ, որ "Ժառանգությունը" հենց ինքն էլ է դեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ