Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՍԵՄՅՈՒԷԼ ՋՈՆՍՈՆԻ
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՑ
Այսօր ԱԺ նիստի ժամանակ փորձելով խոցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին վերջինիս «ընդդիմության գործունեությունից նավթադոլարների հոտ է գալիս» արտահայտության համար`ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց մեղադրել ՀՀԿ խմբակցությանը, ընդդիմության հասցեին իբր անհիմն մեղադրանքների համար եւ մեջ բերեց հայտնի արտահայտությունը, թե« Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է»` վերագրելով այն Բենջիամին Ֆրանկլինին: Նիկոլ Փաշինյանը դրանով փորձում էր մի կողմից ցույց տալ «Եռյակից» ավելի ընդդիմադիր լինելու իր կեցվածքը, միաժամանակ հասարակության աչքին երեւալով ինչպես մեծ ինտելեկտուալ, սակայն հայտնվեց ծիծաղելի եւ անհարմար վիճակում: Հաջորդ ելույթում ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ ստիպված է պաշտպանել Սեմյուել Ջոնսոնի հեղինակային իրավունքը, քանի որ Նիկոլ Փաշինյանի մեջ բերած խոսքի հեղինակը ոչ թե Ֆրանկլինն է այլ Ջոնսոնը, որը ծիծաղ առաջացրեց դահլիճում: Հ. Բաբուխանյանը նշեց նաեւ, որ ինչպես Ջոնսոնը այնպես էլ Ֆրանկլինը իրենց հոդվածներում եւ խոսքում մեծ տեղ էին տալիս հայրենասիրությանը եւ պետք չէ Ջոնսոնի ասած միտքը նենգափոխել: Հ. Բաբուխանյանը նշեց նաեւ, որ որոշ ընդդիմադիրների գործողություններից իսկապես հարց է ծագում, թե ինչ նպատակ էին ծառայում արտասահմանից մեծ քանակությամբ Հայաստան բերվող ֆինանսական միջոցները եւ, ինչո՞ւ է ստացվում այնպես, որ որոշ ընդդիմադիր գործիչներին, պատգամավորներին կամ հասարակական կազմակերպությունների գործությունները համահունչ են հարեւան թշնամի պետությունների ձգտումներին եւ անգամ երազանքներին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ