"ԵՌՅԱԿՈՒՄ" ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՒՅՆՊԵՍ ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ
Ինչպես հայտնի է, "եռյակում" բազմաթիվ հակասություններ կան: Դրանք են ԵՏՄ մտնել-չմտնելու հարցը, հանրահավաք անել-չանելու, նստացույցի դիմել-չդիմելու եւ այլն: Երեկ պարզվեց նաեւ, որ "եռյակում" գոյություն ունեն հակադիր կարծիքներ` Արցախի հարցի վերաբերյալ: Ավելին` ՀԱԿ-ը եւ "Ժառանգությունը" միմյանց սուր քննադատության ենթարկեցին ԱԺ ամբիոնից: Այսպես, Լեւոն Զուրաբյանը մի շարք պատճառներ ներկայացրեց` իրենց կողմից "Ժառանգության" տեսակետին չաջակցելու համար եւ, ըստ էության, "Ժառանգության" դիրքորոշումը` Ղարաբաղի հարցում, ներկայացրեց որպես արկածախնդրություն: Իր հերթին "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մեղադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը կանխելու մեջ: Ռուբիկ Հակոբյանն ասաց նաեւ, որ այսօր էլ չի կարողանում հասկանալ իր ընդդիմադիր գործընկերներին:
Մինչդեռ ԲՀԿ-ն գերադասեց ընդհանրապես չխառնվել հարցի քննարկմանըª գործնականում բոյկոտելով այն: Այսպիսով պարզվեց, որ "եռյակի" գաղափարական հակադիր հարցերի ցանկում է նաեւ Ղարաբաղի հարցը: Եվ այդ դեպքում մնում է նորից ու նորից հարցնել, թե վերջապես որեւէ գաղափարական ընդհանրություն ունե՞ն խորհրդարանական այդ երեք ուժերը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ