ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այսօր խորհրդարանում ներկայացնելով առողջապահության ոլորտին հաջորդ տարվա պետբյուջեով հատկացված ֆինանսների մասին, ասաց, որ բժիշկների աշխատավարձը չի բարձրանա, քանի որ նախորդ տարի բարձրացում եղել է:
Հաջորդ տարվա պետբյուջեով սրտի անհետաձգելի վիրահատություններին կհատկացվի 500 մլն դրամ: «Արտասահմանյան առաջավոր կլինիկաներում փորձի փոխանակման նպատակով բժիշկների գործողումների համար պետբյուջեից կտրամադրվի 36 մլն դրամ: զալցբուրգյան սեմինարներին արդեն վերապատրաստվել է 900 բժիշկ: Վերապատրաստվող 12-13 բժիշկների փոխարեն հաջորդ տարի մոտ չորս անգամ ավելի շատ վերապատրաստված մասնագետներ կունենանք»,- ասաց Ա. Մուրադյանը:
Նախարարի խոսքով` մոր եւ մանկան առողջությունը կմնա կառավարության ու նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակով պետբյուջեից կտրամադրվի առողջապահության ոլորտի բյուջեի 20%-ը: «Առաջին անգամ պետբյուջեից կհատկացվի գումար անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ու համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար: Սոցիալապես անապահով, 30 ու ավելի բալ ունեցող անպտղության խնդիր ունեցող ընտանիքներին օժանդակելու համար կտրամադրվի 78,6 մլն դրամ»,-տեղեկացրեց նախարարը:
Սոնա Դավթյան