Գալուստ Սահակյան. Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու եւս մեկ քայլ է
Նոյեմբերի 13-ի ԱԺ նիստը սկսելուց առաջ ասաց Գալուստ Սահակյանն անդրադարձավ նոյեմբերի 12-ին ուսումնական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի ողբերգական դեպքերին.
«Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ եւ ավանտյուրիստական ոտնձգություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության միջնորդական ջանքերը եւ հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու եւս մեկ քայլ է, որով ոտնահարվում են խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման եւ ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները, ուստի, հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել եւ առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով»:
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը: