ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ
«ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ» ԳԻՐՔԸ
ԱՆԱՆՅԱՆ-ՀՈՎՆԱՆՅԱՆՆԵՐ. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾ ԼԻՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքը` նվիրված 19-րդ դարի ճանաչված գործարար-բարեգործ գերդաստանին եւ նրա ականավոր անդամներին: Օրերս տեղի ունեցավ գրքի եւ նույն գերդաստանին նվիրված տեսաֆիլմի շնորհանդեսը, որից հետո «Իրավունքը» զրուցեց հեղինակ եւ «Կարծիք» ստեղծագործական խմբի ղեկավար ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ հետ, ով խոսեց ոչ միայն գրքի ստեղծման մասին, այլ նաեւ պատմեց, թե ովքեր են Անանյան-Հովնանյանները.
«ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՄ ՆՐԱՆՑ ՀԵՏՔԵՐՈՎ»
- Ցավոք, այնպես է ստացվել, որ ուղղակի, կոնկրետ եւ հասցեական չեն ուսումնասիրվել այս ինքնատիպ գերդաստանի անդամների կյանքն ու գործունեությունը, ովքեր անուրանալի ներդրումներ ունեն` որպես բարեգործներ: Երբ առաջին անգամ լսեցի այս գերդաստանի մասին, հասկացա, որ պետք է գնամ նրանց հետքերով, հասկանամ նրանց այն գործերը, որոնք իրականացրել են նախեւառաջ գերդաստանի ավագները` Հովհաննես, Ալեքսանդր եւ Հովսեփ Անանյան-Հովնանյան եղբայրները: Ստեփան հոր որդիները, որոշակի հաջողությունների հասնելով գործարարության բնագավառում, իրենց համար պարտք համարեցին բարեգործություններ կատարել: Հովհաննես Անանյան-Հովնանյանը դեռ 23 տարեկան հասակում առաջին դրամագլուխը շահելով` օգնության ձեռք էր մեկնում Մոսկվայի հայկական եկեղեցուն, «Գասպարյան» որբանոցին: Նույն գործելակերպն են ունեցել Ալեքսանդրը եւ Հովսեփը: Ալեքսանդրը` Կովկասի բարեգործական միության նախագահը, ոչ միայն իր միջոցներն էր ներդնում, այլեւ իր հեղինակությունն օգտագործում` մեծ չափի դրամահավաք կազմակերպելու համար: Հովսեփը օգնում եւ աջակցում էր կրթական հաստատություններին, աղքատախնամ կազմակերպություններին: Բոլորին է հայտնի Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան օրիորդաց վարժարանի անունը եւ օգտակար գործունեությունը, բայց քչերը գիտեն այն հիմնադրողի, ստեղծողի` Հովհաննես Անանյան-Հովնանյանի մասին:
«ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՍՏԵՂԾԵԼ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ»
- Իսկապես, ինչպե՞ս ստեղծվեց այդ օրիորդաց դպրոցը:
- Երբ Հովհաննես Անանյան-Հովնանյանն ամուսնացավ աստրախանցի Մարիամ Ադելխանյանի հետ, նրանք, իրենց գործերի բերումով, մի երկար շրջան ապրեցին Թիֆլիսում եւ այդ ժամանակ հասկացան, որ իրենց սիրելի քաղաքը խնդիր ունի հայ օրիորդների կրթության կազմակերպման գործում: Ամուսինները որոշեցին այստեղ ստեղծել օրիորդաց դպրոց: Բայց այնպես ստացվեց, որ նրանք տեղափոխվեցին Մոսկվա, իսկ Հովհաննեսի կինն էլ` Մարիամը, երիտասարդ տարիքում մահացավ: Բայց Հովհաննեսը երբեք չմոռացավ նրան տված խոստումը` հայրենի քաղաքում օրիորդաց դպրոց ստեղծելու մասին: Այդ նպատակի համար դպրոցին նվիրեց Թիֆլիսի եռահարկ` մի քանի հազար քառակուսի մետր մակերես ունեցող առանձնատունը, որը կանգուն է մինչեւ հիմա, իջեւանատունը, այգիներ, անշարժ գույք: 1877 թվականին դպրոցը բացվեց եւ իրականացավ նրա վաղեմի երազանքը: Դպրոցը նվիրեց կնոջ հիշատակին` այն անվանելով նախեւառաջ Մարիամյան եւ չմոռացավ նաեւ դրան ավելացնել Հովնանյան ազգանունը:
«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԱՇԽԱՏԱՍԵՐ, ՍՏԵՂԾՈՂ, ԱՐԱՐՈՂ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ»
- Ի դեպ, որտեղի՞ց են Անանյան-Հովնանյանները եւ ինչո՞ւ Անանով-Հովնանյան:
- Նրանք սերված են Անիից, որտեղից տեղափոխվել են Վասպուրական: Հովհաննեսի հայրը` Ստեփանը, իր եղբոր հետ գաղթել է դեպի Արեւելյան Հայաստան, հասել Թիֆլիս, հաստատվել այստեղ: Այնուհետեւ Ստեփանի որդի Հովհաննեսը, մի քանի ռուբլի գրպանում ունենալով, տեղափոխվել է Մոսկվա, Թամամշեւի եւ Լորիս-Մելիքովի մոտ աշխատանքի, ավելի ուշ նրանց օգնությամբ ծավալել սեփական գործը: Նրանց իսկական ազգանունը Հովնանյան է, բայց տեղափոխվելով ռուսահպատակ տարածքներ, նախ ստիպված էին դառնալ Օվնանով, որը, բնականաբար, դժվարընկալելի էր ռուսախոսների համար: Արտաբերումը հստակեցնելու համար Օվնանովը դարձավ Անանով, բայց նրանք երբեք անհրաժեշտության դեպքում չմոռացան ավելացնել Հովնանյան ազգանունը: Նրանք շատ հայրենասեր, աշխատասեր, ստեղծող, արարող մարդիկ էին:
«ՆՐԱՆՑ ՍՏԵՂԾԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՐՁԱՎ...»
- Այդ ամենն ինչպե՞ս էր դրսեւորվում նրանց գործունեությունում:
- Հովհաննես Անանյան-Հովնանյանը Ռուսաստանի առաջին գիլդիայի վաճառական էր, լավագույն բանկիրներից մեկը, պետական խորհրդական, մեծ քանակությամբ անշարժ գույքի տեր Մոսկվայում եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Իսկ Վրաստանում գնել էր Աջամեթի կաղնու անտառը: Մոսկվայում եւ ոչ մի կարեւոր տնտեսական, ֆինանսական գործ առանց նրա մասնակցության չէր կատարվում: Եղբայրը` Ալեքսանդրը, Վրաստանում հիմք դրեց արդյունավետ հողագործությանը` Վրաստան բերելով առաջին խոփը, գութանը, այլ գործիքներ: Այս հենքի հիման վրա նրա` Եվրոպայում կրթություն ստացած զավակները` Միհրանը եւ Աբգարը, Իմերեթիում սկիզբ դրեցին գինու, կոնյակի, շամպայնի արդյունաբերական արտադրությանը` դրա համար հիմնադրելով հազարավոր հեկտարներով խաղողի այգիներ: Նրանց ստեղծած արտադրությունը մրցակցային դարձավ ռուսական եւ եվրոպական շուկայում:
«ՆՐԱՆՑ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻՆ»
- Ենթադրելի է, որ այս զարգացումներին զուգահեռ` Անանյան-Հովնանյանները բարեգործական նպատակներով ավելացնում էին իրենց մասնահանումները: Ի՞նչ ուղղություններով էին դրանք կատարվում:
- Հետաքրքիր է, որ նրանց բարեգործությունները ռազմավարական նշանակություն ունեին ազգի համար եւ ոչ թե այստեղ-այնտեղ "կրակ" էին հանգցնում, այլ հասցեական էին` կրթություն, եկեղեցի, մշակութային, ազգային խնդիրների լուծում, աղքատախնամ կազմակերպություններ: Անգամ, երբ մահացավ Միհրանի պատանի Դավիթ որդին, նա ոչ թե ճոխ թաղում կազմակերպեց, այլ 200.000 ռուբլի հատկացրեց բարեգործական նպատակներով` գործող եւ նոր ծրագրերի: Նույն գործելակերպն ուներ եւ Հովսեփ Անանյան-Հովնանյանը` իր զավակներով: Նրա բժիշկ որդին էլ առանց վճարի հիվանդներ էր ընդունում, անվճար կամ զեղչերով դեղեր բաժանում:
«ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱՑԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ»
- Կարելի՞ է ասել, որ բարեգործությունը դարձել էր ավանդույթ` սերնդեսերունդ փոխանցվող այս գերդաստանի համար:
- Անկասկած, երբ 1888 թվականին մահացավ Հովհաննես Անանյան-Հովնանյանը, նրա բարեգործությունը շարունակեցին իր որդիները, դուստրերը եւ թոռները` չնահանջելով ոչ մի քայլից, որ սկսել էին իրենց հայրը եւ պապը: Այնքան մեծ ուժ ուներ ավանդույթը, որ Մարիամյան-Հովնանյան դպրոցով պետք է զբաղվեին գերդաստանի արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք տվյալ պահին Թիֆլիսում էին: Գերդաստանի անդամները սրբությամբ կատարում էին Հովհաննես Անանյան-Հովնանյանի` ավագի այս պատգամը: Դեռ ավելին, անհրաժեշտության դեպքում եղածին ավելացնում էին հարկավորը: Գերդաստանի երիտասարդ անդամները միշտ հավատարիմ մնացին Հայ առաքելական եկեղեցուն` հոգալով առկա ծախսերը, երբեք հեռու չկանգնեցին կրթությունից, մշակույթից, գրականությունից: Նրանք երբեք չմոռացան, որ Թիֆլիսից պետք է ուսանողներ լինեն Մոսկվայի Լազարյան ինստիտուտում եւ Մոսկվայի, Պետերբուրգի առաջատար բուհերում: Հարկ եղած դեպքում հայ երիտասարդները պետք է սովորեին նաեւ Ֆրանսիայում: Ալեքսանդր Անանյան-Հովնանյանը` լինելով Կովկասի բարեգործական միության նախագահը, այնպիսի տրամադրություն էր ստեղծել Թիֆլիսում, որ վաճառականները եւ արհեստավորները սրտնեղում էին, եթե իրենցից դրամ չէին ակնկալում եւ իրենք էլ մասնակից չէին դառնում ամենատարբեր բարեգործական ծրագրերի:
«ՇՌԱՅԼ ԷՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԻՐՏ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ»
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ նրանք բարձր էին պահում հայի պատիվն ու արժանապատվությունը, օգնում, աջակցում նաեւ այլազգիներին:
- Նրանք երբեք չէին մոռանում այն միջավայրի մասին, ուր ապրում էին: Ամենեւին էլ զարմանալի չէր, որ Հովհաննես Անանյան-Հովնանյանը կարող էր մեկ միլիոն ռուբլու բարեգործություն անել ռուսական բանակի կարիքների համար կամ օգնության ձեռք մեկնել պատերազմի վիրավորներին: Նույն գործելակերպը կար Թիֆլիսում` օգնել, մաս հանել կարիքավորներին` անգամ թաթարներին, մահմեդականներին, որոնց հետ բախումները անպակաս էին լինում: Շռայլ էություն եւ սիրտ ունեցող մարդիկ էին:
«ՑԱՎՈՔ, ԱՅԼ ՇԱՌԱՎԻՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՆՔ»
- Նման գերդաստանի կենսագրությունն ավարտվում է անցած դարի 20-ական թվականներով` խորհրդայնացման հետ կապված:
- Միայն վերջերս ինձ հաջողվեց պարզել, որ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Միհրան Անանովին հաջողվում է իր որդու` Ալեքսանդրի, եւ կնոջ հետ գաղթել նախ Ռուսաստան, ապա Գերմանիա եւ միայն 3 տարի հետո` Ֆրանսիա: Ենթադրելի է, որ Ֆրանսիայի հետ տնտեսական կապեր ունեցող Միհրանը պիտի ձգտեր խաղողի ու գինու հովիտներ` պայմաններ ստեղծելով որդու կրթության համար: Եվ նա հեռատես էր մտածում: Արդեն 27 տարեկան Ալեքսանդր որդին պիտի նոր խոսք ասեր տիեզերագիտության մեջ, սերտ կապեր հաստատեր ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկու հետ, զարգացներ տիեզերական հեռուները նվաճելու գիտությունը, բազմաթիվ արժեքավոր, իր նմանը չունեցող աշխատություններ գրեր: Նա դարձավ Ֆրանսիայի Ցիոլկովսկին: Հետո, երբ 60-ական թվականներին իր առաքելությունն այդ ասպարեզում ավարտած համարեր` նա պիտի զբաղվեր գեղանկարների հավաքողական գործունեությամբ (Ժան Օնորիե Ֆրագոնարդ եւ Ֆրանսուա Բուշեր): Պատահական չէ նաեւ, որ Փարիզում 2013 թվականին տեղի ունեցավ Ալեքսանդր Անանոֆի մասին "Անհայտ տիեզերագնացը" գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել Ալեքսանդրի Կլոդ որդին, ով արդեն 74 տարեկան է: Ցավոք, այլ շառավիղների մասին ոչինչ չգիտենք:
«ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԸՆԹԵՐՑԵԼ ԳԻՐՔԸ...»
- Այն ամենին, ինչ պատմում եք, կարելի՞ է հաղորդակից լինել` կարդալով գիրքը եւ դիտելով տեսաֆիլմը:
- Իհարկե: Փորձել եմ Անանյան-Հովնանյանների եւ նրանց հնարավոր շառավիղների հետ զուգահեռներ տալ: Ինչպես, օրինակ, հանրահայտ Հովնանյան գերդաստանի հետ, որի արժանավոր զավակներից մեկը` Վահագնը, օգնել եւ աջակցել է, որ գիրքը լույս տեսնի: Եթե ուրիշ բան չլինի, նմանություն կա երկու գերդաստանների գործելակերպի եւ ձեռագրի մեջ, իսկ դա համառոտ նշանակում է` ծառայել եւ օգտակար լինել ազգայինին, նպաստել ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Շատ բան կարելի է պատմել, պարզապես պետք է ընթերցել գիրքը կամ դիտել ֆիլմը, իսկ ամենաճիշտը երկուսը միասին անելն է:
Զրույցը` ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԻ