ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՇԵՓՈՐԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴՈՒԴՈՒԿՈՎ (տեսանյութ)
Արդեն համացանցում հասանելի է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Սերենադ շեփորի համար» երաժշտության տեսահոլովակը` դուդուկահար, ՀՀ վաստակավոր ատիստ ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ մատուցմամբ: Սա Կամոյի այս տարվա երկրորդ տեսահոլովակն է: «Իրավունքի» հետ զրույցում դուդուկահարը տեղեկացրեց, որ «Սերենադ շեփորի համար» երաժշտությունը ձայնագրել է դեռեւս 2010 թվականին, հնչել է մի քանի անգամ արտասահմանյան համերգների ժամանակ եւ մեկ անգամ Երեւանում` Էրեբունի-Երեւան տոնակատարությանը. «Առաջին անգամ երգը հնչեց «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ, որոշեցի, որ Կրեմլի դահլիճում դասական գործ նվագեմ: Ընտրեցի «Սերենադ շեփորի համար» Առնո Բաբաջանյանի գործը ու շեփորը փոխարինվեց դուդուկով: Ճիշտ է դուդուկն իր հնարավորություններով փոքրիկ գործիք է` ունի 11 նոտա, բայց ինձ հաջողվեց շեփորը փոխարինել դուդուկով»,- պատմեց Կ. Սեյրանյանն ու մանրամասնեց. «Նախ այս գործը շատ եմ սիրում, դրա համար որոշեցի տեսահոլովակ նկարահանել: Տեսահոլովակը չունի սյուժե եւ նկարահանման ռեժիսոր, կարելի է ասել ինքս եմ ռեժիսորը: Ի տարբերություն մյուս մեր երգիչ-երաժիշտների, ոչ թե հատուկ տեսահոլովակի նկարահանման համար գնացել եմ Սիդնեյ, Փարիզ, Դուբայ, այլ դրանք նկարահանել եմ համերգային շրջագայությունների ընթացքում: Կարելի է ասել համատեղել եմ երկուսը` մեկում: Առիթը բաց չեմ թողել ու ձեռքի հետ էլ տեսահոլովակ եմ նկարահանել: Ես էլ այդ ժամանակ կարող էի ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, բայց ինձ համար կոնկրետ կարեւոր էր, որ այդ ստեղծագործությունն անպայման ունենար տեսահոլովակ ու նոր ասելիքով ներկայացնեյի` կյանք տայի այդ գործին»:
Ի դեպ, Կամոյի փոխանցմամբ, Բաբաջանյանի «Սերենադ շեփարի համար» երաժշտությունը դուդուկով փոխարինելու մասին տեղյակ է նաեւ Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը, ով հավանության է արժանացրել գործն ու ողջունել դուդուկահարին:
Կամո Սեյրանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ