ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ "ԵՌՅԱԿՆ" ԻՐ ՏԵՂԸ ՉԻ ԳՏՆՈՒՄ
Մինչ քաղաքական հետնաբեմում խոսակցություններ են պտտվում, թե ոչ իշխանական "եռյակից" ԲՀԿ-ն որոշել է երես թեքել ՀԱԿ-ից ու "Ժառանգությունից" եւ հիմա էլ ՕԵԿ-ի հետ է ուզում միավորվել, իսկ "Ժառանգությունն" էլ հարմար առիթ է փնտրում "եռյակից" ազատվելու համար, օր օրի բարդանում է "եռյակի" խորհրդարանական ակտիվի վիճակը: Երեկ Ազգային ժողովում` նիստի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը "իշմար" տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանին եւ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, թե քննարկելու գործ կա: Բայց, արի ու տես, որ եռյակ կազմած պարոնայք դուրս գալով միջանցք, մի քանի բառ փոխանակելով` այդպես էլ հարմար տեղ չգտան հավաքվելու համար: Ի վերջո, որոշվեց իջնել ՀԱԿ-ի ֆրակցիա, սակայն, կարծես թե, վերջիններս հասկացան, որ խոսելիք այլեւս չկա ու ստիպված եղան հետ դառնալ հենց աստիճանների մոտից` ընտրելով երեք տարբեր ուղիներ: Այո՛, "եռյակի" համար խորհրդարանը խիստ նեղ է, նրանք սովոր են քննարկումներ վարել Ազատության հրապարակում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ