"ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱ""Եռյակը", որպես խորհրդարանական կառույց, քաղաքական հաստատված միավորում կամ դաշինք չէ: Նրանք որոշակի խնդիրների շուրջ պարզապես կարողանում են համաձայնության գալ",- ասաց ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ի պատասխան "Իրավունքի" այն հարցին, թե արդյոք ակնհայտ չէ, որ "եռյակում" հակասություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները, ընդհուպ Արցախի հարցը:
-Իսկ որո՞նք են "եռյակի" այն համաձայնությունները, ընդհանրությունները, որոնց մասին անգամ հանրությունը գլխի չի ընկնում:
- Այլ բան է խորհրդարանական միասնություն, այլ բան է` կուսակցական: Դեռեւս գործում է խորհրդարանական խմբակցությունների ընդդիմադիր եւ այլընտրանքի համագործակցությունը` առանձին խնդիրների շուրջ: Օրինակ` համաձայնեցում ընտրական օրենսգրքի շուրջ: Այսինքն` գործում են ոչ թե գլոբալ առումով, քաղաքական կուրս ունեն, կամ ծրագիր են մատուցում հասարակությանը, այլ խորհրդարանի շրջանակում քննարկվող հարցերի քաղաքական գործընթացներում, եթե իրենց տեսակետները համընկնում են, դրանք պաշտպանում են միասնաբար:
- Պարոն Սահակյան, "եռյակի" կողմից իրականացվող հանրահավաքները ինչի՞ն են ուղղված, ո՞րն է հիմնական գաղափարը:
- ՀՀ 1-ին նախագահը հենց առաջին հանրահավաքին ասաց, որ ինչպես կորոշեն խորհրդարանական ուժերը, այսինքն` "եռյակը", այնպես էլ կընթանա իրավիճակը: Իհարկե, քաղաքագիտական տեսանկյունից, որոշակի անիմաստություն կա դատողությունների եւ իրավիճակի մեջ: Այնուհանդերձ, այս պահին, ըստ իս, քաղաքականությունն այնպես է ընթանում, որ կարողանան համատեղ ծրագիր ունենալ եւ ժողովրդին մատուցեն ու կարծում եմ, որ շտաբների ստեղծումը դրան է ուղղված:
- Չե՞ք կարծում, որ շտաբ ստեղծելուց առաջ հարկավոր է մանդատները վայր դնել:
- Ոչ, դա քաղաքական ակցիայի կնմանվի:
- Իսկ ինչի՞ համար են հենց հիմա շտաբներ ստեղծում:
- Հավանաբար, իրենց տեսակետները ժողովրդին հայտնելու համար: Եթե ինձ եք հարցնում, ապա մեզ մոտ որոշակիորեն այսպես է ստացվել, որ ոչ թե ժողովուրդն է ոտքի կանգնել, որպեսզի քաղաքական ուժերին ուղղորդեն, այլ քաղաքական ժողովուրդը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի արհեստականորեն ժողովրդին ոտքի կանգնեցնեն, որը, կարծում եմ, արդյունք չի տա:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ