ԹՈՂ ՀՀ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՆ. 78-ԱՄՅԱ ԹՈՇԱԿԱՌՈՒ
"Եթե մենք հաղթել ենք պատերազմը եւ հետ ենք վերցրել մեր 70 տարվա գերեվարված Ղարաբաղը, հիմա ինչո՞ւ ենք սպասում, որ կեղծ Եվրոպան կամ ԱՄՆ-ն մեզ ասի, որ դա ձերն է, կամ հայը ում թելադրանքով ինչպես ապրի",- գրված է խմբագրություն դիմած 78-ամյա Ռոզա Հովհաննիսյանի նամակում: Այնուհետ Ռ. Հովհաննիսյանը գրել է. "Չնայած սոցիալական հարցերը կարեւոր են, բայց ինձ համար ավելի կարեւոր է քաղաքականը: Ունենք խոշոր օլիգարխներ, որոնք ունեն ոչ թե 1-2 բիզնես-օբյեկտներ, այլ ունեն բազմաթիվ բիզնես ցանցեր, որոնց պետք է առաջարկվի կամավոր իրենց ունեցվածքի 10 տոկոսը հանձնեն պետությանը: Իսկ եթե կամավոր չեն անի, ապա թող բարեփոխումների միջոցով անեն, ինչպես որ արեցին կուտակայինի դեպքում",- իր նամակում առաջարկում է թոշակառու կինը: Նամակում տեղ էր գտել նաեւ ՀՀ նախագահի արտաքին քաղաքականության գնահատականը, որի մասին գրում է. "Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ոչ 1-ին եւ ոչ էլ 2-րդ նախագահները այսքան դիպուկ ու հայանպաստ քաղաքականություն չեն վարել, հիմա թող իրենց ռեկլամով իզուր չզբաղվեն: Եթե ցանկանում են, թող գնան Սերժ Սարգսյանից արտաքին քաղաքականություն վարել սովորեն".- եզրափակում է այս տողերով Ռ. Հովհաննիսյանը իր նամակը` հուսալով, որ վերոնշյալ հարցերը կգտնեն իրենց լուծումները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ