ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-ԻՆ ՀԻՇԵՑՐԵԼ Է ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալից հայտարարությանը. «Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում: Մասնավորապես հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949թ-ի 12-ին ընդունված Ժնևի կոնվենցիայի 15 –րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ, և հատկապես մարտերից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերն անմիջապես բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի որոնեն եւ հավաքեն վիրավորներին եւ հիվանդներին, նրանց պաշտպանեն կողոպուտից և անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև որոնեն մահացածներին եւ նրանց պատսպարեն կողոպտելուց»: Սա զուտ մարդասիրական առումով»:
Հիշեցնենք, որ Բաքուն հերթական անգամ սպառնալից ու փաստերը խեղաթյուրող հայտարարություն է տարածել` նշելով.«Թշնամական կողմը պետք է գիտակցի Ադրբեջանի գրավյալ տարածքներից իր զորքի դուրսբերման կարեւորությունը եւ չպետք է հայ երիտասարդներին պատերազմի մեջ ներքաշի:
Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստ է եւ կարող է կանխել թշնամու ցանկացած սադրանք: Եթե թշնամական կողմը հերթական անգամ համարձակվի որեւէ ռազմական գործողություն ձեռնարկել, Ադրբեջանի զինված ուժերի անմիջապես հասցրած հարվածը կլինի գործուն եւ կործանարար, ինչը կդառնա մեծ կորուստների եւ ավերածությունների պատճառ»: