ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ` ՀՀԿ ՈՒ ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ.
ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ 14-ՐԴԻՆ ԷԼ ՀԻՇԵՑԻՆ
ՀՅԴ պատգամավոր, սոցապ նախկին փոխնախարար Արծվիկ Մինասյանն այսօր ՀՀ ԱԺ մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին ասաց, որ հարգում է նրան, բայց պրն Հակոբյանն իրեն դրել է Լյուդովիկոս 14-րդի տեղը. «Ամեն հարցին ասում եք, որ պետությունը ես եմ»:
Հակոբ Հակոբյանը բնականաբար, «տակ» չմնաց ու հեգնանքնով ասաց, որ իր կարդացած գրքերը հիշելով ինչպես նաեւ USAID-ի հետ համագործակցությունը հաշվի առնելով` նկատել է, որ բոլոր տեղերում հենվում են Արծիկ Մինասյանի, նրա դոկտրինի, փիլիսոփայության վրա: «Ես զարմանում եմ, որ խոսում եք գողացված փողերի, կողոպուտի մասին: Բայց գոնե երեխայի ծննդյան միանվագ գումարը, երեխայի մորը տրվող գումարը… գոնե սրանք բացարձակ ռեալ են կատարվում»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
ՀՀԿ պատգամավորը Արծվիկ Մինասյանին ու մի քանի ցուցակային պատգամավորներին հիշեցրեց նաեւ նրանց կողմից մեծամասնական ընտրակարգի դեմ պայքարի մասին ու միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը կարեւորելը, այն դեպքում, երբ դա հակասահմանադրական է. «Չի կարելի մարդուն զրկել ընտրվելու իրավունքից,- ասաց հանձնաժողովի նախագահը, ապա հավելեց` ինչպես ընդդիմությունը կարող է հակասահմանադրական հարցեր բարձրաձայնել, իսկ ինքը չի կարող ասել, որ մի լավ բան են անում ու օգնում չաշխշատող մայրերին»:
Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց Հակոբ Հակոբյանին` հարցնելով, թե ի՞նչ կապ ունի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը նպաստների հետ: «Էսպես որ գնա, մենք ցուցակային նպաստներն էլ կքննարկենք: Ինչի եք կտրում աշխատող մարդկանց նպաստը: Ես մեղադրում եմ ձեզ, ոչ միայն որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի, այլեւ որպես մարտունեցու, քանի որ ապրում եք մի շրջանում, որտեղ ծնելիությունը բարձր է, բայց հպարտորեն պաշտպանում ենք մի նախագիծ, որին ինքներդ էլ դեմ եք»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
«Իմ ծննդավայրի հետ կապված ես չեմ տխրում, ով որ չունի, թող նա տխրի, ես շատ էլ ուրախ եմ»,- հպարտությամբ պատասխանեց պրն. Հակոբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ խորհուրդ տվեց ժողովրդին քաղաքական շահարկման առարկա չդարձնել:
Սոնա Դավթյան