"ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ԿՎԵՐԱԾՎԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ
ԳԱՆՁԱԿԸ ԵՎ ՄԻՆԳԵՉԱՈՒՐԸ, ԱՅԼԵՎ ԲԱՔՈՒՆ"Ռուսական հայտնի worldandwe.com կայքը հրապարակել է ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ մեծածավալ հարցազրույցը` Արցախի սահմաններում իրավիճակի սրման պատճառների եւ տարածաշրջանում զարգացման ուղիների վերաբերյալ: Մասնավորապես, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ում է պետք նոր պատերազմը, կամ ինչ կարող է բերել Հայաստանին իրադարձությունների այդպիսի զարգացումը, Հ. Բաբուխանյանն ասաց.
-Հայաստանին պատերազմ պետք չէ, թեեւ, նման դեպքում հնարավոր կլիներ ազատագրել Նախիջեւանը եւ բացել երկաթգիծը` դեպի երկրի հարավ եւ Իրան: Այդ դեպքում, տնտեսական հարթությունում բազմապատիկ շահեկան կլինի, քանի որ ստիպված չենք լինի կառուցել շատ թանկ երկաթգիծ դեպի Իրան` Սյունիքի լեռների միջով: Սակայն Նախիջեւանի ազատագրումը հնարավոր է, եթե այդ տարածքն օգտագործվի Արարատյան դաշտավայրի եւ Երեւանի հարավային արվարձանների հրթիռակոծման համար: Սակայն, դժվար թե, ադրբեջանցիները գնան այդպիսի լայնածավալ կոնֆլիկտի, քանի որ հասկանում են, որ փլատակների կվերածվեն ոչ միայն սահմանամերձ Գանձակը եւ Մինգեչաուրը, այլեւ Բաքուն: Պատահական չէ, որ Հայաստանի նախագահը հիշեցրել է մեր բալիստիկ հրթիռների մասին` 300 կմ գործողության շառավղով: Բացի այդ, ամբողջությամբ կոչնչացվի Ադրբեջանի նավթային եւ գազային ենթակառուցվածքը, որի մեջ արեւմտյան լուրջ ներդրումներ կան: