Հ. Բաբուխանյանը Հ. Բագրատյանին. «ԿԱՐՈՂ ԵՔ
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԼԻՆԵԼ, ԵՍ ԴՐԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՇՈՅՎԱԾ ԿԼԻՆԵՄ»
Այսօր ԱԺ-ում բուռն քննարկում տեղի ունեցավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ելույթ ունենալով անդրադարձավ Հակոբ Հակոբյանի այն խոսքին, որ արհմիությունները պետք է մասնակցություն ունենան այդ հղի կանանց արձակուրդային գումարների փոխհատուցման մեջ եւ մեղադրեց իշխանություններին արհմիությունների կազմալուծման մեջ: Ապա հավելեց, թե այսօր արհմիությունները չեն գործում. «Թեպետ մեր ժամանակ էլ մի բան չէր»: Հ. Բագրատյանի դիտարկմանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. «Նախ ո՞վ քանդեց արհմիությունները, չսեփականաշնորհեիք այդ արհմիությունների…»: Ու այստեղ տեղից պայթեց Հ. Բագրատյանը` իր վրա վերցնելով մեղադրանքը եւ փորձելով արդարացումներ գտնել, սակայն Հ. Բաբուխանյանը հորդորելով վերջինիս հանգստանալ շարունակեց. «Երբ որ դուք խոսում էիք պարոն Բագրատյան, ոչ մեկ չէր ընդհատում: Քո ասածների առաջին բառից մինչեւ վերջին բառը ես համաձայն չէի, բայց լսում էի, դուք էլ բարի եղեք ինձ լսեք: Կարող եք համաձայն չլինել ես դրանից միայն շոյված կլինեմ»: Ապա նշեց. «Եթե չսեփականաշնորհեիք արհմիությունները` սկսած հանգստյան տներից, առողջարաններից եւ վերջացրած հրապարակում գտնվող արհմիության շենքով, երեւի արհմիություններն այսօր կլինեին»:
Հայկ Բաբուխանյանի ելույթն ամբողջությամբ կարդացեք վաղվա <Իրավունք Հետաքննություն> թերթի համարում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ