"ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԼԻՆԵԼ,
ԵՍ ԴՐԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՇՈՅՎԱԾ ԿԼԻՆԵՄ" Երեկ ԱԺ-ում բուռն քննարկում տեղի ունեցավ "Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին" ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին" կառավարության հեղինակած օրենքի նախագծի շուրջ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ելույթ ունենալով` անդրադարձավ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի այն խոսքին, թե արհմիությունները պետք է մասնակցություն ունենան հղի կանանց արձակուրդային գումարների փոխհատուցման համար եւ մեղադրեց իշխանություններին` արհմիությունների կազմալուծման մեջ: Ապա հավելեց, թե այսօր արհմիությունները չեն գործում. "Թեպետ մեր ժամանակ էլ մի բան չէր": Հ. Բագրատյանի դիտարկմանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. "Նախ` ո՞վ քանդեց արհմիությունները, չսեփականաշնորհեիք այդ արհմիությունները…": Ու այստեղ տեղից պայթեց Հ. Բագրատյանը` իր վրա վերցնելով մեղադրանքը եւ փորձելով արդարացումներ գտնել: Սակայն Հ. Բաբուխանյանը հորդորելով վերջինիս հանգստանալ` շարունակեց. "Երբ որ Դուք խոսում էիք, պարոն Բագրատյան, ոչ ոք չէր ընդհատում: Քո ասածների առաջին բառից մինչեւ վերջին բառին ես համաձայն չէի, բայց լսում էի, Դուք էլ բարի եղեք ինձ լսեք: Կարող եք համաձայն չլինել, ես դրանից միայն շոյված կլինեմ": Ապա նշեց. "Եթե չսեփականաշնորհեիք արհմիությունները` սկսած հանգստյան տներից, առողջարաններից եւ վերջացրած հրապարակում գտնվող արհմիության շենքով, երեւի արհմիություններն այսօր կլինեին":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ