ՀՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՉԻ "ՃԱՆԱՉՈՒՄ" ԲՀԿ-ԱԿԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՆ
"Իրավունքը" ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանից պարզեց` ինչպե՞ս է արձագանքում օրեր առաջ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ծեծկռտուքին: Զարմանալի է, սակայն Վահագն Մախսուդյանն ասաց, որ տեղյակ չէ, թե խոսքն ինչի մասին է: Երբ հիշեցրինք, որ պատգամավորները հարվածել են իրար, ԲՀԿ պատգամավորն ասաց, որ դա դատապարտելի է, ու նորմալ երեւույթ չէ. "Օրենքի սահմանում պետք է իրար հետ բանակցեն, սա օրենսդիր մարմին է":
Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավորի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ՀԱԿ-ի օգտին փող է բաժանել, Վահագն Մախսուդյանը դա հերյուրանք համարեց. "Դե, եթե փող ենք բաժանել, թող կաշառակերության կամ այլ հոդվածով գործ հարուցի":
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ, լսելով մեր հարցը, ասաց. "No comment": Երբ Ֆարմանյանին տեղեկացրինք, որ պարոն Մախսուդյանը նրան խորհուրդ է տալիս գործ հարուցել` կաշառակերության հոդվածով, Ֆարմանյանը հարցրեց. "Մախսուդյանն ո՞վ է":
Երբ հիշեցրինք ՀՀԿ-ական պատգամավորին Վահագն Մախսուդյանի կուսակցական պատկանելությունը, Ֆարմանյանն ընկավ մտքերի մեջ (կարծես թե, ցանկանում էր հիշել` ով է պատգամավոր Մախսուդյանը), ապա հարցրեց. "Ի՞նչ է ասել Մախսուդյանը": Լսելով գործընկերոջ խորհուրդը, ՀՀԿ պատգամավորը հարցին կոնկրետ չպատասխանեց. "Տեղի ունեցածի վերաբերյալ իմ հայտարարությունները եղել են հրապարակային, կարող եք ընթերցել, ավելացնելու ոչինչ չունեմ":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ