Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Բանկից գումար «գցելու» հերթական փո՞րձը

$
0
0

Բանկից գումար «գցելու» հերթական փո՞րձը


«Հին էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի և Յունիբանկի միջև վերջին տարիներին ընթացող դատական վեճը, կարծես թե, հանգում է իր տրամաբանական ավարտին: Այդ մասին է վկայում «Հին էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության վարույթից Յունիբանկի դուրս գալու որոշումը: Թեև բանկը նախապես պահանջ էր գրանցել սնանկության վարույթի շրջանակներում, ի վերջո նախընտրեց օգտվել մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու իրավունքից: Ուստի, այսուհետ, Յունիբանկը կարող է ձեռնամուխ լինել գրավի առարկայի՝ «Հին Էրիվան» ռեստորանի շենքի վրա բռնագանձման տարածմանը, այդ թվում` արտադատական կարգով: Այդուհանդերձ, չնայած Մանվել Տեր-Առաքելյանի կողմից պարբերաբար արտահայտվող մտավախություններին, Յունիբանկը չի շտապում վերցնել գրավի առարկան ի սեփականություն և շարունակում է պահանջել բռնագանձում տարածել դրա վրա դատական կարգով: Նշանակում է, շուտով շենքի վրա բռնագանձում կտարածվի և այն կիրացվի ԴԱՀԿ կողմից բաց աճուրդով, քանի որ այլ կերպ վարկի վերադարձն ապահովել հնարավոր չեղավ: Իսկ թե ո՞վ կդառնա Հյուսիսային պողոտայի անկյունում գտնվող շենքի նոր սեփականատերը և ի՞նչ գնով այն կվաճառվի հայտնի կդառնա միայն աճուրդից հետո, երբ կպարզվի առավելագույն հայտը:
Բնականաբար, գործընթացի նման շրջադարձը պետք է որ խուճապի մեջ գցեր Մանվել Տեր-Առաքելյանին, և ստիպեր հանդես գալ հակասական հայտարարություններով: Մեկ նա իբր պատրաստ է վաճառել իր գույքը բաց աճուրդով, ինչը և պահանջում է բանկը, մեկ էլ նա պնդում է, թե ձգձգելու է գործի քննությունը ևս երկու տարի: Մարդը կարծես թե սովորել էր, որ դատական վեճի ողջ ընթացքում իր ռեստորանը շարունակում էր անխափան գործել գրավ դրված գույքի տարածքում և, փաստացի, ուրիշի փողերով, քանի որ ոչինչ չի վճարում, տոկոսներն էլ կանգ են առնում սնանկությունից հետո: Թերևս, Յունիբանկին այդ ամենը բավական ձանձրացրեց և բանկը որոշեց ծանուցում ներկայացնել դատարանին, որպեսզի գրավի առարկայի իրացման ձգձգումը չվերածվի անվճար զվարճանքի: Իսկ եթե ռեստորանատերն իրոք պատրաստ է եղել օր առաջ աճուրդի դնել գրավ դրված գույքը և մարել բանկի վարկը, ապա իրեն ոչինչ չի խանգարում ընդունել գրավի առարկայի վրա ընկերության պարտքերի համար բռնագանձում տարածելու Յունիբանկի հայցը: Չէ՞ որ ԴԱՀԿ կողմից իրականացվող բաց աճուրդը նույնպես չի վերահսկվում բանկի կողմից:
Սակայն նման բան դժվար թե կարելի է ակնկալել: Փոխարենը «Հին էրիվանի» տնօրինությունն շարունակում է համառ պնդել, թե բանկի համաձայնագրերը չպետք է հիմք ընդունվեն, չնայած այդ փաստարկը հերքվել է օրինական ուժի մեջ մտած վճռով: Դատարանում «Հին Էրիվանի» կողմը այդպես էլ որևէ ապացույց չներկայացրեց, որ իրենց կողմից նշված համաձայնագրերը փոխանակվել են կողմերի միջև: Ընդհակառակը, դատարանում պարզվեց, որ այդ համաձայնագրերի ակցեպտավորված բնօրինակները երբևէ չեն հանձնվել բանկին: Թեև, Մանվել Տեր-Առաքելյանը շարունակում է երգել իր երգը, փաստն այն է, որ 5 տարվա մեջ իր ընկերությունը վարկի մարման գծով կատարել է ընդամենը մեկ վճարում, այն էլ մասնակի, և այլ գումար պրակտիկորեն չի մուծել: Այդ թվում՝ իր իսկ կողմից պնդվող համաձայնագրով: Այդքանից հետո զավեշտալի չէ՞, երբ Մանվել Տեր-Առաքելյանը հայտարարում է. «ես ցանկանում էի փակել վարկս, բայց բանկը թույլ չտվեց»: Այդ ու՞մ տանես պարտքդ վերադարձնելու, ասի` պետք չէ, եկեք դատական քաշքշուկների մեջ մի լավ թաթախվենք, ժամանակ, փող ու նյարդեր ծախսենք, փողը ու՞մ է պետք, որ: Քանի որ կետանցը պատճառաբանվում էր պարտավորության կատարման ժամկետների վերաբերյալ առկա անհամաձայնությամբ, բանկն այդ հարցում ընդառաջ էր գնացել և առաջարկել էր վճարման համար հիմք ընդունել հոլդինգի նախընտրած տարբերակը: Այդպես, դեռևս 2011թ-ի մայիսին՝ բանավոր, և սեպտեմբերին՝ պաշտոնապես Յունիբանկը համաձայնվել էր Մանվել Տեր-Առաքելյանի պնդած համաձայնա­գրե­րի ներկայացման դեպքում առաջնորդվել դրանցով: Ավելին, Յունիբանկը գրավոր մատնացույց էր արել վարկը վճարելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ ԿԲ‑ում բանկի թղթակից հաշվին գումար փոխանցելու, կամ էլ նոտարի դեպոզիտ մուծելու միջոցով:
Վերջին անգամ, արդեն 2014թ-ին, Յունիբանկն ընդհանրապես առաջարկել էր զիջել բանկի պահանջի ողջ իրավունքը՝ 3.15 մլրդ դրամի չափով, Մանվել Տեր-Առաքելյանին ընդամենը 2.07 մլրդ դրամով: Այդպիսով, բանկը պատրաստ է եղել զեղչել ավելի քան 1 մլրդ դրամ՝ պարտքի մոտ մեկ երրորդը: Ընդորում, վճարման ենթակա գումարը ներառում էր միայն վարկի հիմնական գումարը և չմարված պարտավորությունների վրա հաշվարկված սովորական տոկոսները՝ 13% և 16% տարեկան տոկոսադրույքով՝ ամենը ՀՀ դրամով: Այսինքն, Յունիբանկը փաստացի պատրաստ է եղել զեղչել ողջ տույժերը, դատական ու փաստաբանական ծախսերը: Սակայն այդ առաջարկը ևս չընդունվեց Մանվել Տեր-Առաքելյանի կողմից՝ չնայած վարկը ամբողջությամբ մարելու պատրաստակամու­թյան մասին ամպագոռգոռ հայտարարությունների: Ինչպես միշտ, «Հին Էրիվանի» արձագանքը նույնն էր՝ զոհի կերպարանքի ընդունում և զրո վճարում: Ուրեմն, արդյո՞ք Հին Էրիվանը փորձել է երբևէ մարել վարկն ամբողջությամբ, ինչպես պնդում է: Պատասխանն ակնհայտ է:
2011թ.-ի մայիսին, երբ Յունիբանկի կողմից տրամադրված վարկի երկամյա արտոնյալ ժամկետը մոտենում էր ավարտին, Մանվել Տեր-Առաքելյանը, իր իսկ ասելով, ցանկացել է մարել վարկը մեկ այլ բանկից ստացված միջոցներից՝ Յունիբանկից «մի փոքր զեղչ» ստանալու պայմանով: «Մի փոքր զեղչը» կազմել է երկու տարվա տոկոսագումարի՝ մոտ 320 մլն դրամի ճիշտ 90%-ը: Եվ սա այն դեպքում, երբ համաձայն օրենսդրության, պարտքի ներման դեպքում բանկը պիտի վճարեր շահութահարկ՝ ներված պարտքի 20% չափով: Այսինքն` բանկին այն ժամանակ առաջարկել է ներել ավելի քան 750 հազար դոլարի համարժեք պարտք, ինչը՝ հարկերի հետ միասին, կազմել է մոտ 920 հազար դոլար:
Մանվել Տեր-Առաքելյանի պնդմամբ, մեկ այլ բանկ համաձայնել էր Յունիբանկի վարկը մարելու համար իրեն միջոցներ տրամադրել: Խոսքը գնում է ոչ պակաս հայտնի «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասին, որը դեռևս 2011թ.-ին սիրահոժար համաձայնվել էր վարկ տրամադրել ռեստորանի շենքի հաջորդող գրավով, իսկ Յունիբանկն էլ գրավոր համաձայնություն էր տվել այդպիսի հաջորդող գրավի (ինչը, ի դեպ, հերքում է շենքին տիրանալու մեղադրանքները): Սակայն, Մանվել Տեր-Առաքելյանը չօգտվեց այդ հնարավորությունից և վերջերս հայտնեց իր երախտապարտությունը՝ հանդես գալով “հետաքրքիր” հայտարարություններով նաև «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի և դրա ղեկավարի հասցեին:
Դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ չորրորդ տարին տևող վեճը միշտ էլ ուղեկցվել է աղմուկով, բանկային և դատական համակարգի քարկոծմամբ և անգամ մարդու իրավունքների պաշտպանի հայտնի զեկույցի վկայակոչմամբ: Զավեշտալի է, որ Մանվել Տեր-Առաքելյանը թերևս չի էլ կարդացել օմբուդսմենի զեկույցը, կամ էլ կարդացել է, սակայն «պատահաբար» բաց է թողել զեկույցի 15-16, 22-27 էջերը: Բանն այն է, որ զեկույցի այդ էջերում օմբուդսմենը ներկայացնում է երկակի ստանդարտների դրսևորման չափազանց ուշագրավ երկու դեպք, երբ Արդարադատության խորհուրդը մերժել է քննության առնել դատարանների կողմից թույլ տրված կոպիտ խախտումների հետ կապված առերևույթ հիմնավոր երկու բողոք: Խոսքը գնում է Յունիբանկի և դրա փաստաբանի կողմից հենց «Հին Էրիվանի» գործի կապակցությամբ ներկայացված բողոքների մասին: Ընդորում, այդ դեպքերն ընտրվել են օմբուդսմենի գրասենյակի կողմից բազմաթիվ նմանատիպ դեպքերի շարքից, որպես ապօրինության և երկակի ստանդարտների դրսևորման առավել ակներև վկայություններ: Հիշեցնեմ, որ դեպքերից մեկը վերաբերել է դատավոր Սուքոյանի կողմից «Հին Էրիվան Հոլդինգի» առաջին սնանկության գործով վճիռը երեք շաբաթ ուշացումով հանձնելու փաստին, իսկ մյուսը՝ վերաքննիչ դատարանի ողջ կազմի կողմից Մանվել Տեր-Առաքելյանի անհիմն ինքնաբացարկի միջնորդությունն բավարարելու փաստին, ինչը հանգեցրել է դատաքննության անհիմն ձգձգման:Ընդորում, առկա են եղել բացարձակ համանման խախտումների համար այլ դատավորների պատասխանատվության կանչելու նախադեպեր: Կարծում եմ ամեն ինչ պարզ է: Մենք բոլորս ընդամենը ականատես ենք եղել գումար «գցելու» ևս մեկ փորձի՝ ըստ մեզանում տիրող բարքերի: Ինչու՞ եմ ասում «փորձի»: Որովհետև համոզված եմ, որ վաղ թե ուշ այս վեճը, որը տևում է արդեն չորս տարի, հանգելու է իր տրամաբանական ավարտին և վարկի գումարը անխուսափելիորեն վերադարձվելու է բանկին: Սակայն արդյո՞ք դրա համար հարկավոր էր այդքան տարի վատնել դատարաններում: Եվ ի՞նչ կլիներ, եթե Մանվել Տեր-Առաքելյանի հակառակորդը ոչ թե բանկ լիներ, այլ ավելի համեստ հնարավորություններ ունեցող մեկը: Մնում է միայն գուշակել: Թերևս, ամենաթողությունը նորից կհաղթանակեր, ընդ որում՝ սեղմ ժամկետներում: Մնում է միայն հուսալ, որ բանկից գումար «գցելու» փորձն իսկապես կձախողվի և գործարարին ոչ վայել այդ երևույթն հետզհետե արմատախիլ կարվի մեր կյանքից:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles