ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի՞Երեկ ԱԺ արտահերթ վերջին նիստի ժամանակ տապալվեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: Բայց այս անգամ ոչ թե ընդդիմության, այլ քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով: Կառավարության առաջարկած բարեփոխումների ծրագիրը հօդս ցնդեցնելուն զարմանալիորեն միացան ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ: Նրանցից մի մասն ընդհանրապես չէր եկել նիստին, իսկ որոշներն էլ ներկա էին, բայց կողմ չեն քվեարկել օրինագծին: Մասնավորապես «դեմ» է քվեարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ, ումից էլ «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ:
-Ինչո՞վ էր պայմանավորված, որ դեմ քվեարկեցիք "Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրինագծին:
- Ես այդպես էի որոշել քվեարկել:
- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Ձեր դեմ լինելու մասին որեւէ կարծիք չէիք արտահայտել մինչ քվեարկությունը:
- Քննարկման ժամանակ ես ներկա չեմ եղել, որովհետեւ ավելի շատ զբաղված եմ գազի հանձնաժողովի հարցերով:
- Բայց խմբակցությունում Ձեր բացասական կարծիքի մասին հայտնե՞լ էիք:
- Ո՛չ, քննարկում չի եղել, որովհետեւ սա արտահերթ ռեժիմով է օրակարգ մտել:
- Այսինքն` դա բացառապես Ձեր անձնական դիրքորոշո՞ւմն էր:
- Այո, դա իմ անձնական դիրքորոշումն էր: Ընդհանրապես, այդ տեսախցիկների, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայության մոտեցման հարցը ավելի լայն շրջանակով ներառված խնդիր է: Ամեն օր տեսախցիկներ են ավելանում հանապետությունով մեկ, ավտովթարները եւ մահացության դեպքերը չեն նվազել: Այդ դեպքում ինչո՞ւ են ամեն օր ավելանում տեսախցիկները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ