«ՀԱՅՋՐՄՈՒՂԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԻՐ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀՈՒ ՀԵՏ Է ՇՓՈԹՈՒՄ
«Իրավունք»-ը նոյեմբերի 24-ի հրապարակման մեջ անդրադարձել էր Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում տիրող իրավիճակին: Գյուղապետ Ռուբեն Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը գյուղի մեծամասնությանը գրավոր ծանուցագրեր է ուղարկել ջրի կուտակված վարձերը վճարելու մասին այն դեպքում, երբ գյուղացիների մեծ մասը ջրաչափ չունի: Ջրի կուտակված վարձերը մեծ չափերի են հասնում`100.000-500.000 դրամ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանն «Իրավունքին» խոստացել էր, որ «Հայջրմուղի» Էջմիածնի շահագործման պետը վաղը կլինի Այգեշատում, կտեսնի` ինչն է խնդիրը, կզեկուցի իրեն, որից հետո ինքն էլ հանձնարարականներ կտա»:
Իսկ գյուղացիների ջրի վարձի կուտակված պարտքերի խնդիրը «Հայջրմուղը» պատրաստ է քննարկել: Սակայն այսօր գյուղապետ Ռուբեն Հովսեփյանը մեզ տեղեկացրեց, որ բացի տրակտոր ուղարկելուց` ոչինչ, ըստ էության, չի արվել. ««Հայջրմուղից» ոչ ոք չի եկել, ոչ մի քննարկում այս երկու օրերին չի եղել: Մենակ տրակտոր են ուղարկել, որ փողոցներից մեկի, էն որ իմ տեղակալը խոսեց, այ էդ հատվածի փտած խողովակները կտրեն, հանեն, փաթաթեն ու գնան»:
Այգեշատի գյուղապետին հիշեցրինք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանի այն հայտարարությունը, որ գյուղի ներքին ջրային ցանցի մեծ մասը փոխված է: Ի պատասխան Ռ. Հովսեփյանը հակադարձեց. «Իսկ դա ինչ կապ ունի» դպրոցի հիմքի քանդվելու հետ կամ խելքից ու մտքից դուրս ջրի վարձերի հետ: 500.000-ի հետ եք խոսում»:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի մյուս խոստումն էլ վերաբերում է գյուղացիներին ընկերության հաշվին ջրաչափեր տեղադրելուն: Այգեշատի գյուղապետ Ռուբեն Հովսեփյանն էլ պարզաբանում է` դա վերաբերվում է նոր քաշված ջրագծին ու դրանից օգտվողներին: «Բա մինչեւ էդ որ ասում էի, ինչո՞ւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը չէր անում դա»,- վրդովված ասաց պրն Հովսեփյանը:
Կրկին կապ հաստատեցինք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանի հետ` պարզելու` արդյոք ջրմուղի աշխատակիցները այգեշատցիների բողոքին ընթացք տվել են, թե ոչ: «Չգիտեմ, ճիշտն ասած: Ես ասել եմ ծրագրերի կառավարման պետին, որ հետեւեն»,- ասաց Վ. Մանանդյանը:
Փաստորեն, ջրմուղի աշխատակիցն իր պարտքն է համարել միայն հանձնարարականներ իջեցնել: Իսկ թե այդ հանձնարարականներն ինչպես են կատարվում, կոմերցիոն տնօրենին, այդքան էլ չի հետաքրքրում: Ավելին` ինչպես պարզ դարձավ մեր զրույցից, Վահագն Մանանդյանն անգամ խնդրի հետ կապված մեր հրապարակմանը ծանոթ չէր:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի` ջրի վարձի պարտքերն էլ մեկ առ մեկ քննարկելու խոստումն էլ կարծես թե «գրվեց սառույցին»: «Պարտքի համար գյուղացու դուռը հո չենք գնալու: Կոնկրետ մարդը խնդիր եթե ունի, թող դիմի, պատրաստ ենք մեկ առ մեկ քննարկել»,- վստահեցրեց զրուցակիցս, ում հարկ ենք համարում հիշեցնել, որ խոսքը մեկ կամ մի քանի այգեշատցու մասին չէ:
Իսկ հետաքրքիր է, երբ հերթը հասնում է ջրմուղի տեսուչների կողմից գյուղացիներից լոբի, խոզի բուդ, վարունգ ու պոմիդոր տանելուն` ջրի կուտակված վարձը զրոյացնելու խոստումով, որն այդպես էլ չի իրականանում (ընդհակառակը, պարտքն ավելանում է)`վերածվելով իսկական «քցոցիի», ինչո՞ւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պաշտոնյան դրա մասին չի հիշում: Բայց դե հիշելու կարիք չկա, եթե գոյություն ունի պաշտոնյաների համար զենք դարձած հերքման ու արդարացման մեխանիզմը: «Դա հերյուրանք է, չեմ էլ ուզում արձագանքեմ»,- չարչրկված նախադասությունը Մանանդյանի շուրթերից լսեցինք եւս մեկ անգամ:
Սա դեռ ամենը չէ: Զավեշտն այն է, որ Վահագն Մանանդյանը կարգադրում է լրագրողին, տողերիս հեղինակին, զանգահարել գյուղապետին, որպեսզի վերջինս կապ հաստատի սույն պաշտոնյայի հետ: Պրն Մանանդյան, կարծես թե քարտուղահարու կարիք ունեք այն աստիճանի, որ լրագրողին շփոթում եք քարտուղարուհու հետ:Կամ ո՞վ է ասել ձեզ, որ լրագրողն իրավասու է որեւէ մեկի հեռախոսահամարը տրամադրել ձեզ:
Ջրմուղի աշխատակցին հիշեցնում ենք` լրագրողի պարտքն է օբյեկտիվորեն բարձրաձայնել խնդիրը, իսկ լուծումը թողնել պատկան մարմիններին:
Սոնա Դավթյան