"Իրենց ասելով պետք չէ՞ պարծենալ Բաղրամյանով, Բաբաջանյանով, Իսակովով..."
Image may be NSFW.
Clik here to view.Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի ադրբեջանամետ տխմար մղումները նորություն չեն: Ոչ ոք, ցավոք, չի կարող այսօր բացառել, որ վերջինս հանուն մի քանի շիշ օղու պատրաստ է հրապարակավ անգամ ամենաաբսուրդային ելույթներով հանդես գալ: Բայց այս անգամ չափն անցան ոչ միայն Ռ.Հախվերդյանը, այլ նաեւ "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները, ովքեր երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ լսում ու իրենց լռությամբ փաստացի համաձայնում էին նրա հետ: Իր համար արդեն օրինաչափություն դարձած, թերեւս գինովցած Ռ.Հախվերդյանը հայտարարեց, թե Ադրբեջանի հեռավոր գավառից եկածը չպետք է կառավարի Հայաստանը (նկատի ունենալովª ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Արցախը- Հ.Ս.):
Փաստորեն, նույն Արցախի համար պայքարող հանրության մի հատվածը, ովքեր հավաքվում են Ազատության հրապարակում, եւ ամենօրյա հանրահավաքների հեղինակները, ովքեր Արցախի վերաբերյալ ամպագոռգոռ ելույթներ են ունենում, այսօր այն համարում են Ադրբեջանի հեռավոր գավա՞ռ` հերթական անգամ տուրք տալով թշնամուն: Վերոնշյալ ելույթի եւ "Ժառանգության" լուռ համաձայնության վերաբերյալ "Իրավունքը" զրուցեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ.
- Որպես երգահան` Ռուբիկին շատ լավ եմ վերաբերվում, բայց, կներեք, ես չեմ կարող ամեն մի ապուշություն մեկնաբանել: Այդ ինչպե՞ս է ստացվում` իր ասելով՝ "Ադրբեջանի հեռավոր գավառից եկողը" իրավունք չունի կառավարելու Հայաստանը, իսկ Ամերիկայից եկածն իրավունք ունի՞: Այդ ի՞նչ խայտառակ մոտեցում է մեր ազգի նկատմամբ, այդ ի՞նչ մասնատման տարբերակ է: Եթե մենք մի քիչ խորանանք, ապա մեր ազգն իր ամբողջ պատմությունով անընդհատ պտտվել է Արարատյան լեռնաշխարհով: Իսկ այս հայտարությունը համարում եմ ոչ վայել մեր ազգին, ոչ վայել այն մարդուն, որը,
համենայնդեպս, ձգտում է մտավորականների շարքում իր տեղը գտնել: Ամոթ է, անկեղծ ասած, դրանից ավել ասելիք չունեմ: Փաստորեն, իրենց ասելով՝ պետք չէ՞ պարծենալ Բաղրամյանով, Բաբաջանյանով, Իսակովով եւ մեր մյուս մեծերով: Պետք է մոռանա՞լ ե՛ւ Դավիթ Բեկին, ե՛ւ Մխիթար սպարապետին: Խայտառակ մոտեցում է եւ, իսկապես, համարում եմ, որ Ռուբեն Հախվերդյանը, մեղմ ասած, չի մտածել ինչ է ասում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ