ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՊԵՏՔ ԷՐ ՀՌՉԱԿԵԼ ԼՂՀ-Ի
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐ ԽՈՍԵԼ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ անկախության ակունքներում կանգնած քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 1989 թ-ի դեկտեմբերի մեկի` Հայաստանի ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշմանը, ասաց, որ թեեւ ինքը կողմնակից է եղել Հայաստանի ու Արցախի վերամիավորմանը, բայց քաղաքական առումով կողմ է եղել ԼՂՀ-ի անկախության հռչակմանը: «Ես կարծում էի, որ քաղաքական առումով պետք է կատարել երկու քայլ` հռչակել ԼՂՀ-ի անկախությունը, նոր խոսել վերամիավորման մասին»,- մանրամասնեց պրն Մանուկյանը:
Դեկտեմբերի մեկի որոշումը դիվանագիտական առումով, ըստ քաղաքական գործչի, չենք կարող օգտագործել, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա ոչ մի նշանակություն չունի: «Արցախի համար անկախության ուղիով գնալը կարեւոր է, քանի որ դա ընդգծում է ինքնորոշման սկզբունքը: Եթե մենք վերամիավորման ուղիով ընթանայիք, գուցե գտնվեինք ծանր վիճակում: Ես կարծում եմ, որ վերամիավորման մասին որոշում ընդունելը շուտ էր»,- եզրափակեց Հանրային խորհրդի նախագահը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ