«ԼԱՎ ՏՂԱ» ԳՅՈՒՂԱՊԵՏ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ. ՉԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԽՆԴԻՐ... ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղի հեռավորությունը Երեւանից 25 կմ է: 1950-ական թվականների սկզբին համայնքի տարածքում գործող թռչնաբուծական ֆաբրիկայի անվանումով էլ կոչվում է համայնքը, որը հաճախ անվանում են նաեւ Շահումյան 2:
Մայրաքաղաքից ընդամենը 25 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը, թերեւս, ամենավատ վիճակում գտնվողներից մեկն է. ճանապարհներն ասֆալտապատված չեն, գյուղի մի հատվածը ոռոգման ջուր չունի, շատ գյուղացիներ նաեւ խմելու ջրի խնդիր ունեն: Կես կատակ կես լուրջ «Իրավունքի»թղթակցի հետ զրույցում գյուղացիներն իրենց բնակավայրն անվանում են «մեռած»գյուղ, կատակով էլ նշում ` համայնքում երեքից չորս մարդ է ապրում: Այն, ինչ ֆիքսեց մեր տեսախցիկը գյուղացիների հետ զրուցելիս, մեղմ ասած, մտահոգիչ է: Կիսախարխուլ ու քանդված գյուղապետարանի շենք (որը նախկինում մանկապարտեզ է եղել), որտեղ անգամ բազրիքներ չկան, ցեխակոլոլ չասֆալտապատված փողոցներ:
Գյուղի բնակիչների մեծ մասն արտագնա աշխատանքի է: Դրանով են օրվա հացի խնդիր լուծում, իսկ մի փոքր մասն էլ թռնապահությամբ ու քաղհանով է զբաղվում: Բայց դե ինչպես ասում են, դրանով վերքին դարման չես անի: «Աշխատեղեր թող ստեղծեն, որ մենք տանը չնստենք»,- մեզ հետ զրույցում դժգոհում էին գյուղացիները:
Շահումյանցիները կարծես թե լրատվամիջոցի ներկայացուցչի էին սպասումհամբերության լցված բաժակը դատարկելու համար: «Խմելու ջուր չունեմ, հարեւանի տանից եմ բերում, ոռոգման ջուր չունեմ, բերք ու բարիքս չորացել է, սա ճանապարհների վիճա՞կ է»,- իրար հերթ չտալով պատմում էին գյուղացիները:
Համայնքի ղեկավար Արթուր Յայլոյանին չհիշել հնարավոր չեղավ: 13 տարվա գյուղապետ է, բայց ինչպես նշում էին գյուղացիները, գրեթե ոչինչ գյուղի համար չի արել: Գովասանքով խոսում էր միայն գյուղապետարանի հավաքարարը` նրան որպես «լավ տղա» ու «լավ մարդ» ներկայացնելով: Այս գովասանքը զայրացրեց դժգոհ շահումյանցիներին, որոնք անմիջապես սաստեցին տարեց կնոջը:
Գյուղապետին այդպես էլ չտեսանք: Գյուղապետարանի հավաքարարի խոսքով` Արթուր Յայլոյանը արձակուրդում է:
Հետաքրքիր է` նախընտրական այս շրջանում, երբ ի թիվս այլ համայնքների, դեկտեմբերի 14-ին համայքնի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Շահումյանի թռնչաֆաբրիկայում, ինչ արձակուրդի մասին է խոսքը:
Ի դեպ, համայնքի ղեկավարի այս ընտրություններում Արթուր Յայլոյանն ունի մրցակից. նրա հորեղբոր որդի Արայիկ Յայլոյանը, ով, ի դեպ, գյուղի երիտասարդներից մեկի խոսքով իրենց թաղամասում լուսավորություն է անցկացրել: Տեղեկացնենք նաեւ, որ գործող գյուղապետը նախկինում դատապարտված է եղել:
Թե ում ձայն կտան գյուղացիները, չբարձրաձայնեցին, բայց հաշվի առնելով դժգոհությունը գործող գյուղապետից ու սպավելիք ընտրությունները` նախընտրական մի փոքր լարված իրավիճակ առկա է համայնքում, որն այս պահին դրսեւորում է համայնքի բնակիչների միջեւ առկա փոխհարաբերություններով: Այդ ամենից անմասն չմնաց նաեւ «Իրավունքի» թղթակիցը, ում շահումյանցի մի քանի կանայք մեղադրեցին գյուղապետին միտումնավոր կերպով վարկաբեկելու համար: Լարվածությունը մի փոքր մեղմելու համար մեզ մոտեցավ Շահումյանի թռնչաֆաբրիկա գյուղի գյուղապետ Արթուր Յայլոյանի ներկայացուցիչը`Արթուր անունով, ով առաջարկեց մեկ ուրիշ օր գալ «մեզ համար ամեն ինչը կազմակերպելու»համար:
Մանրամասները` տեսանյութերում
Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղապետարանի շենքային պայմանները
Շահումանի ցեխակոլոլ ճանապարհներից մեկը
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ