Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ, ԲԱՅՑ 1915 Թ-Ի ԴԵՊՔԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈ

$
0
0

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ, ԲԱՅՑ 1915 Թ-Ի ԴԵՊՔԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

 

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական»  (HDP) կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը  երկրի խորհրդարան է ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած կոտորածները ճանաչելու եւ ներողություն խնդրելու օրինագիծ։ Նշվում է, որ այս օրինագիծը եթե հաստատվի, ապա դրանով Թուրքիան ճանաչելու է նաեւ Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը նշի որպես սգո օր։ Արդյոք  սա  Հայոց  ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նետված  խայծ է ՀՀ-ի ու հայ ժողովրդի համար: Այս հարցերի մասին զրուցեցինք թուրքագետ Արիստակես Սիմավորյանի հետ: Մասնագետը հիշեցրեց, որ այս կուսակցությունը ստեղծվել է  նախորդ տարի Աբդուլա Օջալանի առաջարկով եւ ձգտում է դառնալ վերքրդական կառույց:  Վառ ապացույցն այն է, որ փորձում է իր շարքերում ներառել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: «Այս կուսակցության ներկայացուցչի կողմից առաջ  են քաշվում նաեւ ալեւիների, քրդերի  կոտորածները, որոնք Հայոց ցեղասպանության հետ դրվում են նույն հարթության  վրա: Դա  ճիշտ չէ ու անընդունելի»,- վստահ է թուրքագետը:

Ըստ նրա` նման օրինագծի առաջ քաշումը պայմանավորված է նաեւ գալիք տարի կայանալիք ընտրությունների համատեքստում: Մյուս կողմից` այս օրինագծի առաջ քաշումը հետաքրքրիր գործընթացի սկիզբ է. «Երբեք Թուրքիայի խորհրդարանում առաջ չի քաշվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այն էլ կուսակցության  մակարդակով: Այս գործընթացի շնորհիվ  կոտրվում են շատ տաբուներ ու կարծրատիպեր: Քրդերի հետ այս հարցում կարող ենք դաշնակցել, որոշ լուրջ խնդիրներ  բարձրաձայնել»:

- Պրն Սիմավորյան, «ներողություն խնդրել» արտահայտությունն արդյոք Հայոց ցեղասպանության խնդիրը ճանաչումից ու պահանջատիրությունից  չի տեղափոխում  այլ հարթություն:

- Թուրքիան ներողությունը  կարող է խնդրել, բայց 1915 թ-ի դեպքերը չճանաչել ցեղասպանություն: Ուղղակի Օսմանյան կայսրության փլուզման նախաշեմին ընդհանուր աղետի պատճառով մահացած մարդկանց համար ներողություն կխնդրեն, որով էլ փորձ կանեն հանցանքը կոծկել ու այդպիսով հարցը փակել:

Արդյոք  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական»  (HDP) կուսակցության կողմից առաջ քաշված հարցը նախապես գաղտնի համաձայնեցված չի եղել թուրքական իշխանությունների հետ:

- Չեմ կարող հստակ ասել, որ սա ուղղորդված գործընթաց է: Մենք կարող ենք այս պահին դիտողի ու հարցերը քննարկողի դերում լինենք:  Ըստ իս` Թուրքիայի իշխանությունները ոչ այսօր, ոչ  վաղը  պատրաստ չեն   ընդունել Հայոց ցեղասպանության փաստը:

Հայտնի է, որ քրդերը մասնակցություն են ունեցել Հայոց ցեղասպանության իրագործման  ծրագրում: Միգուցե այս օրինագծով քրդերը  փորձում են մեղմել  իրենց հանցա՞նքը եւ ազատվե՞լ իրենց բաժին պատասխանատվությունից:

- Կարելի է նման ենթադրություն անել, քանի որ փորձ է արվում քրդերի եւ ալեւիների կոտորածները Հայոց ցեղասպանության հետ դնել նույն հարթության վրա: Բայց քրդական այս կուսակցությունը բավական երիտասարդ է եւ այս օրինագիծը հետագա ընտրություններում լավ հաղթաթուղթ է իրենց համար:

- Ըստ Ձեզ`ինչպիսի՞ն պետք է  լինի  մեր արձագանքը թե հասարակական, թե քաղաքական մակարդակով:

- Ընդամենը պետք է հետեւել ուշադրությամբ կատարվող գործընթացներին: Ուրախանալու-չուրախանալու առիթ չկա: Ի վերջո, այս օրինագծի քննարկումը Թուրքիայի խորհրդարանում ցույց կտա Անկարայի իրական դեմքը` ինչպես է ընկալվում խոսքի ազատությունը պետական վերնախավում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles