ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉՄԵՐԺԵՑ ԳԱԼՈՒՍՏ
ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ
Ազգային Ժողովն այսօր բուռն քննարկեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի օրինագիծը, որը վերաբերում է Օսմանյան կայսրության տարածքում հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունը ճանաչելուն: Տիկին Փոստանջյանի խոսքով` օրինագիծը մինչ խորհրդարան ներկայացնելը ՀՀ կառավարության հետ տարվել է լուրջ աշխատանք: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ օրինագիծն այնպիսին պետք է լինի, որը բավարարի թե մեզ, թե միջազգային հանրությանը: Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ տիկին Փոստանջյանի նախագիծը խոցելի էր, կան սխալ ձեւակերպումներ: Ի պատասխան Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ եթե իր նախագիծը որակով չէ, թող մեծամասնությունը ոչ խոցելի նախագիծ ներկայացնի: Պատգամավորը նաեւ կոչ արեց մեր քաղաքական օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները եւ իրապես գրողի ծոցն ուղարկել:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ ՀՀԿ-ը կողմ է Օսմանյան կայսրության տարածքում այլ ժողովուրդների ցեղասպանությանը ճանաչելուն, բայց օրինագիծը եւս մեկ անգամ պետք է քննարկվի:
Նախկին ԱԳ նախարար <Ժառանգություն> խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւս հայտարարեց, որ օրինագծում այնպիսի սխալ ձեւակերպումներ են եղել, որ նման տեսքով օրինագծի ընդունումը ԱԺ-ին ծիծաղելի վիճակի մեջ կդներ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց Զարուհի Փոստանջյանին այս պահին հանել օրակարգից այդ օրինագիծը նորից քննարկելու ու ուսումնասիրելու նպատակով: <Հուսամ` խնդրանքս չեք մերժի, առավելեւս որ մենք կողմ ենք ձեր գաղափարին>: Որքան էլ զարմանալի է, տիկին Փոստանջյանը տեղի տվեց եւ օրակարգից հանեց նախագիծն այն ակնկալիքով, որ պատգամավորները գրավոր կուղարկեն իրեն իրենց առաջարկները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ