"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ"
"ԵՌՅԱԿԻՑ" ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ..."
"Իրավունքը" "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն միանում "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնություններին: Վանաձորում կային ընդդիմադիր ուժերից ներկայացուցիչներ` "եռյակից" դուրս:
Իսկ թե ինչու Երեւանում կազմակերպված քաղաքացիական ժողովին ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից ներկայացուցիչներ չկային, Արմեն Մարտիրոսյանը դա խնդիր չի համարում, քանի որ եղել են դեպքեր, երբ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միջոցառումներ են կազմակերպել, որոնց "Ժառանգությունը" չի մասնակցել: "Ժառանգությանը" բնորոշ է այն, որ նա բոլորին է սատարում եւ հետագայում էլ կսատարի պայքարող բոլոր օղակներին:
Անդրադառնալով այն լուրերին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողովներ ու նախաձեռնություններ ներկայացնելով, որոնց չեն միանում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, փորձում է հիմնավորումներ ու արդարացումներ առաջ քաշել` հետագայում "եռյակը" լքելու համար, կուսակցության փոխնախագահն ասաց, որ նման խնդիր գոյություն չունի: Ի՞նչը կստիպի "Ժառանգությանը" լքել "եռյակը": "Օրակարգի փոփոխությունը միայն` իշխանափոխության պահանջից հրաժարվելը",- պատասխանեց Ա. Մարտիրոսյանը: