"ՀԱԼԵՊՈՒՄ ԲՈԼՈՐ
ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է"Երեկ Հալեպում տեղի ունեցած հուժկու պայթյունի ալիքները տարածվեցին նաեւ հայկական թաղամասերում: Այստեղ լուրջ վնասներ, բարեբախտաբար, կարծես թե չեղան, սակայն քաղաքի հինգ շենքեր անցել են գետնի տակ: Այս մասին մեզ հետ զրույցում Հալեպի հայկական համայնքի ղեկավար, վերապատվելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆՆ ասաց.
-Փառք Աստծո, որ հալեպահայեր չեն տուժել: Զինյալ խմբավորումների հիմնական թիրախը Հալեպի բերդն էր եւ ոչ թե հայկական թաղամասերը, որոնք հեռու են Հալեպի պատմական բերդից: Մինչ այս պահը, դեռեւս հստակ տեղեկությունն չկա, թե ինչ աստիճանի է վնասվել բերդը:
- Իսկ ընդհանուր առմամբ, ի՞նչ իրավիճակ է այս պահին:
- Եթե իշխանության կողմին ականջալուր լինենք, ապա պետք է ընդհանրապես լավատես լինենք: Ասում ենª զինյալ խմբավորումների հետ որոշ համաձայնությունների արդեն եկել են: Հիմա օրական մեկ-երկու ժամ հոսանք տալիս են, բայց մենք վստահություն չունենք, որ ամեն բան կկարգավորվի` թեկուզ քիչ-քիչ: Սիրիահայերի վիճակը աննկարագրելի վատ է, մարդիկ իրենց նվազագույն կարիքները չեն կարողանում ապահովվել: Սիրիայի այլ նահանգների համեմատ` Հալեպը եւ հալեպահայությունը շատ ավելի վատ վիճակում է:
- Եվ նորից կա այն հարցը, թե այս ամենի մեջ ո՞րն է Թուրքիայի դերը:
- Թուրքիան շատ վատ դերակատարություն ունի. Հալեպում բոլոր ավերածությունների, կոտորածների գլխավոր պատճառը Թուրքիան է: Որովհետեւ Հալեպը Թուրքիային մոտ քաղաք է, եւ այդ բոլոր զինյալ, վայրագ խմբավորումները Թուրքիայի սահմաններից են ներթափանցում սիրիական տարածք: Սիրիայի դեմ պատերազմի հիմնական, գլխավոր աջակիցը այսօր Թուրքիան է:
- Ի վերջո, այսօր ո՞րն է գրոհայինների հիմնական նպատակը:
- Նպատակներն այլեւս հայտնի չեն: Սկզբում արաբական գարուն ասացին, հետոª Ասադի հրաժարականն էին պահանջում: Հիմա, սակայն, ո՛չ Ասադի մասին խոսող կա, ո՛չ գարունի: Բոլորն ավազակներ ու գողեր են, որոնք թալանում են Հալեպի ժողովրդին եւ դարավոր հարստությունները: Օրը ցերեկով մտնում են տները կոտորում ու թալանում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ