ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԵՐԱԿԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՏԱՐԵԴԱՐՁՆ ԱՌԱՆՑ ԱՌԱՋԻՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ
ՀՀ Ազգային ժողովում` Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում, կայացավ ակումբի հետաձգված 9-րդ նիստն ու նշվեց հիմնադրման մեկ տարին: Ուշագրավ էր այն, որ թեպետ կանխավ նախատեսված էր, որ ակումբի տարեդարձին ներկա պետք է լինեին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, բայց նրանք չէին եկել, եւ ԱԺ նախագահի ողջույնի ուղերձն ընթերցեց ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը: Ի դեպ, զարմանալիորեն ներկա չէին նաեւ այն ԱԺ պատգամավորներն, ովքեր ի սկզբանե մասնակցել են այս ակումբի նախորդ բոլոր նիստերին: Էլ չենք ասում, որ ոչ իշխանական խմբակցություններից ընդհանրապես որեւէ պատգամավոր չէր մասնակցում նիստին: Եվ, իհարկե, արդեն ավանդական դարձած հարցը բարձրացվեց այս ակումբում, թե ինչու են ռուսերենով անցկացնում հանդիպումը, քանի որ թարգմանչուհին միայն վերջում երեւաց: Արդյունքում` հարցի պատասխանը փորձեցին տալ հայաստանյան եւ ռուսաստանյան պատվիրակության անդամները, մասնավորապես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ սա ոչ ֆորմալ հանդիպում է եւ կարող է անցկացվել ռուսերենով, հատկապես որ բոլորը հասկանում են: Իսկ ռուսաստանյան ներկայացուցիչ` ՌԴ Պետդումայի ԱՊՀ Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդեւը նախ շնորհակալություն հայտնեց, ապա հավատացրեց, որ եթե Հայաստանում ապրեր, անպայման կսովորեր հայերեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ