ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄԻնչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ ՕԼԵԳ ԼԵԲԵԴԵՎԸ. «Հայաստանի` ԵՏՄ անդամակցման վավերացումն այսօր կքննարկվի ՌԴ Պետդումայում: Համենայն դեպս, այն այսօրվա օրակարգում կա»: Այս եւ արցախյան հակամարտության մասին էլ «Իրավունքը» զրուցեց ռուս հայտնի քաղաքական գործչի հետ:
-Պարոն Լեբեդեւ, կարո՞ղ ենք հստակ ասել, որ հունվարի 1-ին Հայաստանն արդեն կլինի ԵՏՄ կազմում:
- Գիտեք, այն ինչ վերաբերում է Հայաստանին եւ ինչ վերաբերում է ԵՏՄ-ին ու Մաքսային միությանը, ապա պետք է ասեմ, որ անկախ պատգամավորների կուսակցական պատկանելությունից, այս հարցերն առ այսօր Պետդումայում միաձայն են ընդունվել: Եվ վստահ եմ, որ Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կլինի Եվրասիական տնտեսական միության կազմում:
- Որքան էլ ԵՏՄ-ն լինի տնտեսական միություն, ըստ Ձեզ, այն ի՞նչ կարող է անել արցախյան խնդրի լուծման հարցում, քանի որ գրեթե ամեն շաբաթ, թվացյալ խաղաղ պայմաններում հայ-ադրբեջանական սահմանում հայ զինվորներ են զոհվում:
- Դա իսկապես ցավ է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ ԱՊՀ, ԵՏՄ անդամ երկրների համար: Ինձ համար կարեւոր է, որ արցախյան հարցը որեւէ դեպքում որեւէ կողմ չանցնի, այլ լինեն հարթակներ` երկխոսության համար, որպեսզի հարցին լուծում տրվի` ես կասեի` մերօրյա Հայաստանի պատմության ցավոտ, արյունոտ հարցին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ