«ՌԱԲԻՆՈՎԻՉԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»Օրերս ՀՀ Ազգային ժողովում անցկացված «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով լսումների ժամանակ իր ելույթում Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը, թեեւ խոսեց հանցագործության կատարման պատասխանատվության մասին, բայց ամեն կերպ շրջանցեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Փոխարենը` հրեական կազմակերպության նախագահը շատ ջերմ էր խոսում հայ-թուրքական փոխհարաբերությունների վերականգնման թեմայով` խորհուրդ տալով հայերիս ավելի շատ նայել դեպի ապագան: Եվ ահա ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ այսպես մեկնաբանեց պարոն Ռաբինովիչի այդ «գաղափարները».
-Հերթական անգամ, այսպես ասած, իրավունքը դառնում է ծառա քաղաքականությանը: Բայց համոզված եմ, որ սա խոսում է այն մասին, որ պարոն Ռաբինովիչը, ցավոք սրտի, լավ տեղյակ չէ Հայաստանում եղած տրամադրությունների մասին: Օրինակ ասում է, թե մենք պետք է հրաժարվենք ատելությունից: Այստեղ պետք է ասեմ, որ հայությունը ոչ թե ատելությամբ է ղեկավարվում, այլ հակառակը` սիրով: Ընդ որում ընդգծեմ մի բան, որն այդպես էլ ոչ-ոք չասաց լսումների ժամանակ. ցեղասպանություն գործելը հանցագործություն է` ոչ միայն այն ժողովրդի եւ ազգի նկատմամբ, որի հանդեպ իրականացվում է, այլ հանցագործություն է Ցեղասպան պետության ժողովրդի հանդեպ, որովհետեւ դա դրդում է դեպի մասսայական հանցագործության: Այսինքն` ֆաշիստական Գերմանիայից տուժել է հենց գերմանական ժողովուրդը, իսկ թուրքական ցեղասպանական քաղաքականությունը եւ այդ քաղաքականությամբ դեպի հայերը ուղղորդվող ատելությունը, քայքայիչ է եւ թուրք ժողովրդի համար: Այս առումով` հավելեմ, որ պետք է աշխատենք նույն այդ հրեական պառլամենտի ու Հայաստանում եղած առնվազն երկու հրեական համայնքի հետ, որը կառավարվում է տարբեր անձանց կողմից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ