Լ. ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է
Տ. ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԸԴեկտեմբերի 4-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ` Երեւանի Ավետարանչական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով` ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրողի: Հայցվոր կողմն, ի դեմս Լ. Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից»` ներողություն խնդրել հոդվածում հրապարակված «Լ. Բարդակչյանի կողմից Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ նրա, «նողկալի» բառով ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, ավելին` վերջինս «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել 1.000.000 դրամ: Դատական նիստի ժամանակ տեղի ունեցած մի քանի ուշագրավ դրվագների մասին «Իրավունքը» զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների տեսուչ-տնօրեն Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ:
-Հայր Սուրբ, դատական նիստի ժամանակ Լ. Բարդակչյանը հայտարարեց, թե` «զայրույթ է առաջացնում այն, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդը տարբերություն է դնում մեր եւ իրենց միջեւ, սա արդեն խնդիր է»: Մի՞թե իրականում չկան տարբերություններ:
- Բոլոր եկեղեցիներն էլ տարբերություն են դնում իրենց եւ մյուս եկեղեցիների կառուցվածքի միջեւ: Այնպես որ, չենք կարող ասել, թե կաթոլիկ եկեղեցին տարբերություն չի դնում իր եւ հայ եկեղեցու միջեւ կամ ռուս ուղղափառ եկեղեցին տարբերություն չի դնում իր եւ կաթոլիկ եկեղեցու միջեւ: Ամեն մեկն իր ծեսերն ունի ու իր տարբերությունները: Նույնիսկ անհեթեթություն է այդպիսի բան ասելը: Այսօր որքան էլ Հայ ավետարանչական կոչված շարժման պատասխանատուն է ինքը, ոչ մի Ավետարանական եկեղեցի չի ընդունում այդ Ավետարանչական եկեղեցու գոյությունը: Նրանք ասում են` Ավետարանչական եկեղեցին Ավետարանական եկեղեցու, պարզապես, մշակութային պատասխանատվություն ստանձնած կառույցն է, բայց` ոչ առանձին եկեղեցի: Ուրեմն` տարբերություն դրվում է նույնիսկ իրենց եկեղեցու մեջ:
- Ի դեպ, Լ. Բարդակչյանը հերթական անգամ դատական նիստի ժամանակ կրկին պնդում էր, թե Ձեր դեմ որեւէ հայտարարություն չի արել...
- Ոչ թե մեկ անգամ, այլ երկու անգամ է արել: Մի անգամ, իբրեւ թե, դանակով հարձակվել էին իրենց կառույցից ներս եւ ցանկացել էին իր վրա հարձակվել, մյուս անգամ էլ ասացին, թե երկու երիտասարդ հարձակվել են իրենց ամերիկահայ քարտուղարուհու վրա եւ նրան քաշքշել: Հետո, իբրեւ, այս աղջիկը նրանց պայուսակով հարվածել է, եւ նրանք թողել, փախել են: Այս երկու դրվագն էր լրատվամիջոցներում գրված է եղել, եւ ամեն տեղ, ամեն անգամ նրա կողմից նշվել, շեշտվել է իմ անունը` այդ միջադեպը կապելով իմ անվան հետ, որ Հայր Կոմիտասի հեռուստատեսային ելույթից հետո այսպիսի բան է գրանցվել: Իրականությանը չհամապատասխանող անհեթեթություն էր դա: Ավելին` երբ իրենց անունով իմ մեքենան էին ջարդուփշուր արել, չգիտես ինչու, իրենք լռեցին եւ ոչ ոք քաջություն չունեցավ նախ` ներողություն խնդրելու, որ այդպիսի բան է կատարվել իրենց անունով, որովհետեւ մեքենային փակցված թղթի վրա գրված էր` «որտեղ քոնը կասես, այնտեղ էլ` Բարդակչյանինը»: Եվ երկրորդ` նրանք նույնիսկ չհերքեցին, որ դրանից իրենք անտեղյակ են եղել: Ուրեմն` սա խոսում է այն մասին, որ պարզապես իրենք հետապնդում են միայն իրենց շահը, ուրիշ ոչ մի բան, իսկ մնացածը խաղ Է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ