Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆԱԽ ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՅԹԵՐԸ, ՀԵՏՈ ԽՈՍԵՔ 21-ՐԴ ԴԱՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ

$
0
0

ՆԱԽ ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՅԹԵՐԸ, ՀԵՏՈ ԽՈՍԵՔ 21-ՐԴ ԴԱՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ

Օրերս Ծաղկաձորում  անցկացրած մի սեմինարի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի քանի ուշագրավ մտքեր արտահայտեց, որոնք մեզ` ոչ ճարտարապետներիս, այլ հասարակ եւ շարքային հայ քաղաքացիներիս թվում են միմյանց հակասող եւ ամենակարեւորը` մեր տեսածին եւ առօրյային որեւէ կերպ չառնչվող:

Այսպես, պարոն Սարգսյանը նշում է. «Ես այն կարծիքին եմ, որ ճարտարապետությունը միշտ պետք է լինի ժամանակակից»: Այնուհետեւ նա պնդում է. «Մենք ունենք մեր լեզուն, մեր այբուբենը, մեր հավատը,  նաեւ մեր ճարտարապետությունը, որով եկել ենք հասել մեր օրերը: Մի՞թե 21-րդ դարում այն պիտի կորցնենք»: Այս մտքերը կարդալուց հետո հիշեցի վերջերս առաջին անգամ Հայաստան այցելած ծագումով հայ երիտասարդների հետ հանդիպումը, երբ նրանք զարմացած հարցնում էին. «Իսկ ո՞ւր է հայկական ավանդական ճարտարապետությունը քաղաքաշինության մեջ: Մենք այսպիսի երկաթ-բետոնե ապակյա փայլփլուն շինություններ բազմիցս տեսել ենք աշխարհի բազմաթիվ քաղաքներում, իսկ ո՞ւր է 2778 տարվա երեւանյան ճարտարապետությունը: Այ, օրինակ, Թբիլիսիում մենք հասկացանք` այդ քաղաքի համն ու հոտը որն է»: Հետո էլ հարցնում էին , թե ո՞ւր է 20-րդ դարի վերջի Երեւանի սիմվոլ Երիտասարդական պալատը: Մի խոսքով, հարցեր, որոնք դժվար է համադրել պարոն Նարեկ Սարգսյանի հայտարարած թեզերին: Կարծես թե իսկապես 21-րդ դարում մենք կորցրեցինք այն, ինչ դարեդար կառուցվում էր: Երեւանի կենտրոնը հեռու է նաեւ ժամանակակից ճարտարապետությունից: Այն ավելի շուտ հիշեցնում է տարբեր ոճերի, ժամանակների հախուռն կառուցած մի քաղաք, որտեղ ամեն մի քառակուսի սանտիմետրը օգտագործվել է ինչ-որ, հաճախ շատ անճաշակ շինություն կառուցելու համար, բնականաբար` փող աշխատելու նպատակով: Կարելի է տեսնել նաեւ քաղաքաշինության նորմերի այլանդակության աստիճանի խախտումներ. ոչնչացրած մայթեր, հողին հավասարեցված կանաչ տարածքներ, կցակառույցներ եւ այլն: Ընդ որում, այս գործընթացը շարունակվում է հենց այսօր: Թեկուզ կարելի է բերել Վրացյան, Ծարավ աղբյուր փողոցների վրա այսօր կատարվող շինարարությունների օրինակը, որոնք կառուցվում են` զավթվելով մայթը: Սա կարելի է լրացնել մի քանի տասնյակ այլ օրինակներով: Այնպես որ, պարոն Սարգսյանին պետք է խնդրենք, որ մեզ` շարքային քաղաքացիներիս համար պահպանել գոնե սովորական հետիոտնի`մայթերով քայլելու հնարավորությունը:

Իսկ ժամանակակից ճարտարապետության գոհարներ կառուցելու ու ազգային ճարտարապետության պահպանման մասին 21-րդ դարում մնում է միայն երազել:՛

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԵՏԻՈՏՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ`

ԱՐՄԵՆԱԿ ՕԳԱՆԵՍՈՎ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles