ՀԱՅԿԱԿԱՆ «ԱԿՈՒԼԱՆԵՐԸ»
ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑԻՆ ՀԻՆԳ ՄՐՑԱՆԱԿ
Ռիգայում կայացած "Ռիգա Սիմֆոնիա-2014" մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնից Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ "Դո-Ռե-Մի" վոկալ ստուդիայի սաները 18 երկրներից ժամանած 200 մասնակիցներից, տարբեր տարիքային խմբերում, Հայաստան են վերադարձել 5 մրցանակով:
ՀՀ պատվիրակ ՄԵՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ժյուրիի միաձայն որոշմամբ շնորհվել է "Ռիգա Սիմֆոնիա-2014" երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրին, ինչպես նաեւ "Միջազգային հիթ" անվանակարգում"` Գրան պրի: "Ժողովրդական, ազգագրական երգեցողություն" անվանակարգում ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ եւ ՎԱՀԱԳՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, յուրաքանչյուրն իր տարիքային խմբում, արժանացել են 1-ին մրցանակի եւ Ոսկե մեդալի: Իսկ ՀՈՎՍԵՓ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ "Միջազգային հիթ" անվանակարգում` 2-րդ մրցանակի եւ Արծաթե մեդալի:
Այսօր "ԱԶԴԱԿ" լրագրողական ակումբում հյուրընկալված մրցանակակիրներն ու պրոդյուսեր, երգչուհի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, "Դո-Ռե-Մի" վոկալ ստուդիայի գեղարվեստական ղեկավար ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ փոխտնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ հպարտությամբ էին պատմում իրենց սաների հաջողությունների մասին: "Մեր սաները պարբերաբար մասնակցում են տարբեր միջազգային մրցույթների, որովհետեւ արդեն մոտ 20 տարուց ավել է հանդիսանում ենք Միջազգային մրցույթների ասոցիացիայի անդամ: Հրավերները անմիջապես գալիս է մեզ, իսկ տարբեր միջազգային մրցույթներից մեր երեխաները միշտ վերադառնում են գլխավոր մրցանակներով",- ասաց ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու ժպիտով արտասանեց իրենց մասին հորինած ասացվածքը. "Ակուլաներն են եկել, այսպես են գրում մեր մասին այնտեղի մամուլում: Միայն հպարտանում եմ` ինչպես տեսնում եք, 4 հոգով գնում ենք եւ վերադառնում 5 մրցանակով":
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Առավել մանրամասն կարդացե'ք վաղվա տպագիր "Իրավունքում":