ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ
ԴԱՏԱՐԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ Է
«Իրավունքը» ազատամարտիկ Վարդան Դարբազյանի ընտանիքի խնդրին բազմիցս անդրադարձել էր: Խնդիրը վերաբերում է Մադոյան փողոցի 24 տանը, որը կռվախնձոր էր դարձել Դարբազյանների ու նրանց դրկից Սարգսյանների միջեւ:
Հիշեցնենք՝ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը մայր ու որդի Արմենուհի և Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, նրան վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:
«Իրավունքը» սեպտեմբերի 24-ի հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Դարբազյանների ընտանիքին սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ-ի միջոցով վտարել են:
Ազատամարտիկի ընտանիքը, սակայն, ձեռքերը ծալած չի նստել: Վարձել է փաստաբան ու դիմել վերաքննիչ դատարան, որտեղ էլ այսօր կայացավ սույն գործով դատական հերթական նիստը: «Իրավունքի» հետ զրույցում փաստաբան Վարդան Զուռնաչյանն ասաց, որ դեկտեմբերի 19-ին վերաքննիչ դատարանը կհրապարակի դատական սույն գործի վճիռը: «Եթե բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը, ուրեմն ամեն ինչ կորած չէ»,- ասաց փաստաբանը:
Բացի վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելուց` Դարբազյանների ընտանիքը բողոք է ներկայացրել վարչական դատարան պարզելու, ինչի հիման վրա է կադաստրում Մելինե Սարգսյանին պատկանող տարածքներն ավելացել: Վարչական դատարանում սույն գործով դատական հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ