ԲՀԿ ՆՈՐԱԹՈՒԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. "ԴԵ, ՄԻ ԲԱՆ ԿԱՆԵՆՔ ԷԼԻ, ԿԿԱԶՄԱԿԵՐՊԵՆՔ"
ԲՀԿ նորաթուխ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ, ինչպես շատ այլ պատգամավորների, կարելի է տեսնել միայն քվեարկությունների ժամանակ: Տիգրան Ներսիսյանը ԲՀԿ ցուցակ է ընդգրկվել այս տարվա հունիսին` փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին (Շերիֆին): Նախ ներկայացնենք Տիգրան Ներսիսյանի կենսագրությունը: 2014թ. հունիսի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից: 2008-2012թթ. եղել է Հրազդան քաղաքի ավագանու անդամ: 2003-2012թթ. եղել է "Հրազդան հաց" ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2012-2014թթ.` "Հրազդան հաց" ՍՊԸ տնօրեն: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, 2012թ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը: Հիդրոտեխնիկ: Հանրային ֆինանսների մագիստրոս:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գրիգոր Գրիգորյանին փոխարինելու հարցը ԲՀԿ-ում մեծ աժիոտաժ էր առաջացրել: Տիգրան Ներսիսյանին պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, սակայն ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` նրան փոխարինեց Տիգրան Ներսիսյանը:
"Իրավունքը" Տիգրան Ներսիսյանից հետաքրքրվեց, թե ինչու ոչ մի անգամ երիտասարդ պատգամավորը ելույթ, հայտարարություն, նախաձեռնություն չի ներկայացրել: Որքան էլ զարմանալի թվա, բայց երիտասարդ ԲՀԿ-ականը անկեղծ պատասխանեց. "Դուք երեւի գիտեք, ես նոր եմ, կադապտացվենք, կիմանանք էլի, ինչի մասին է խոսքը, կանենք, կկազմակերպենք: Ես այլ գործընթացներով եմ զբաղված":
Հարցին, թե ինչ կշահի Հայաստանը ԵՏՄ-ի անդամակցությունից, պրն Ներսիսյանը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ անպայման կշահի:
Ի դեպ, ԲՀԿ պատգամավորը կողմ է քվեարկել ԵՏՄ-ի պայմանագրի վավերացմանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ