Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

$
0
0

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ (Բացահայտում)

 

Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի հիմնադիր անդամ, «Համահայկական ծնողական կոմիտեի» փոխնախագահ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ օրերս կայացած «Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձեւերը եւ միջոցները» թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում ներկայացրեց Հայաստանում «ընտանեկան բռնության» իրական պատկերը ու այդ օրենքի նախագծի ջատագովների բուն նպատակը` բերելով աղաղակող փաստեր. «Վերջին տասը տարիների ընթացքում, Հայաստանում մեկը մյուսի հետեւից հիմնվեցին մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայտարարեցին պայքարը, այսպես կոչված, «ընտանեկան բռնության» դեմ։ Փաստենք, որ բռնությունը արարք է, որն իրականացնողը, անկախ իր անձնական հատկանիշներից, կատարման վայրից եւ բռնության ենթարկած անձից, պետք է պատժվի: Ուստի` «ընտանեկան բռնության» դեմ իրական պայքարը նախ պետք է կոչվի «պայքար բռնությունների դեմ, որոնք կարող են տեղի ունենալ նաեւ ընտանիքներում»: Սակայն, չգիտես ինչու,  այդպիսի պայքար Հայաստանում չի ծավալվում, փոխարենը իրականացվում է «ընտանեկան բռնության դեմ» պայքար, որը հոմանիշը չէ բռնությունների դեմ պայքարին ընդանրապես»։ Ըստ Հ. Այվազյանի, «Ընտանեկան բռնության դեմ» պայքարն իրականում ուղղված է մարդկանց մոտ ստեղծելու այնպիսի պատրանք, թե իբր ընտանիքը բռնության որջ է, իսկ ցանկացած ամուսին` բռնակալ. «Ասվածի ապացույցն այն է, որ բավական է մեկ բռնության դեպք արձանագրվի որեւէ ընտանիքում եւ համապատասխան ՀԿ-ները աղմուկ կբարձրացնեն համայն Հայաստանով, որ տեղի է ունեցել հերթական «ընտանեկան բռնությունը», ԶԼՄ-ները մի քանի օր անընդհատ կլուսաբանեն այն, իսկ հիվանդագին երեւակայությամբ որոշ վայ մտավորականներ այն կդարձնեն դարի մեծագույն ողբերգություն` նշելով, որ այդպիսի դեպքեր Հայաստանում տեղի են ունենում ամեն օր, եւ կարծես թե հաճույք կստանան այդ ապատեղեկատվության տարածումից: Վերադառնալով «ընտանեկան բռնության» դեմ պայքարող կազմակերպություններին` անդրադառնանք նաեւ այն երկրներին, որոնք այս կամ այն ձեւով հովանավորում եւ աջակցում են նրանց։ Հիմնվելով միայն պաշտոնական թվերի վրա` արձանագրենք, որ համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների 2012 թ.-ին Հայաստանում գրանցվել է, այսպես կոչված, «ընտանեկան բռնության» 766 դեպք, որը կազմում ՀՀ բնակչության ընդհանուր թվի 0,025 տոկոսը։ Համեմատենք այլ երկրների պաշտոնական տվյալների հետ.

Համաձայն Մեծ Բրիտանիայի ոստիկանության տվյալների, 2011/2012 թ.-ին գրանցվել է «ընտանեկան բռնության» 796 935 դեպք, որը կազմում է ՄԲ բնակչության ընդհանուր թվի 1,2 տոկոսը։ Քառասունինը անգամ ավելի, քան Հայաստանում։

Ըստ ԱՄՆ կառավարության 2012 գրանցվել է 1 259 390 դեպք, այն կազմում է բնակչության թվի 0,39 տոկոսը։ 15 անգամ ավելի է, քան Հայաստանում։

Ըստ Նիդերլանդների կառավարության տարեկան գրանցվում է 200 000 դեպք, որը կազմում է բնակչության թվի 1,19 տոկոսը։ 47 անգամ ավելի է, քան Հայաստանում»: Խոսուն տվյալներ հրապարակելուց հետո բանախոսը հավելեց. «Ինչո՞ւ են այս երկրները այսօր հովանավորում «ընտանեկան բռնության» դեմ պայքարը Հայաստանում, եթե իրենց մոտ վիճակը շատ ավելի վատ է։ Միգուցե փորձեն այդ երկրների սույն ոլորտի համապատասխան մասնագետներն ուսումնասիրեն Հայաստանում բռնությունների նվազագույն չափի բուն պատճառները եւ այդ փորձը վերցնեն որպես իրենց համար ուղենիշ: Սակայն` ոչ: Նրանք այլ նպատակներ են հետապնդում եւ այդ օրենքների կիրառումը Հայաստանում կարող է առաջացնել ընտանեկան բռնությունների աննախադեպ աճ, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ արեւմտաեվրոպական բազում երկրներում»: «Համահայկական ծնողական կոմիտեի» փոխնախագահն անդրադարձավ նաեւ Հայաստանում «ընտանեկան բռնության» կանխարգելման դեմ մշակված օրենքի նախագծին, մասնավորապես օրենքի նախագծում տեղ գտած հասկացություններին. «Ազգային ժողով ներկայացված «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի, 4–րդ կետով սահմանվում են, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ։ Ընտանիքի անդամներ են համարվում նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք  (փաստացի ամուսնություն) եւ զուգընկերները (զուգընկեր է համարվում այն անձը, ով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել միեւնույն անձի հետ): Փաստորեն, ընտանիքի անդամներ են համարվում նաեւ համատեղ բնակվող անձիք, որոնք գտնվում են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ /քաղաքացիական ամուսնություն – гражданский брак/: Ընտանիքի անդամներ են համարվում նաեւ զուգընկերները, որոնք գտնվում են պարբերաբար սեռական հարաբերությունների մեջ, եւ հետաքրքիր է, թե ի՞նչ պարբերականությամբ: Օրինակ ասենք, եթե տղամարդը պարբերաբար օգտվում է միեւնույն մարմնավաճառի ծառայություններից, սա նույնպե՞ս համարվում է ընտանիք։ Կամ եթե, ասենք, զուգընկերը նույն սեռի ներկայացուցիչ է, ապա նրա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու պարագայում դա եւս կկոչվի՞ ընտանիք: Այսինքն `ամրագրո՞ւմ ենք, որ գոյություն ունի  նաեւ համասեռամոլ անձանց ընտանիքներ։ Ընտանիքի անդամներ են համարվում նաեւ ամուսիններից (զուգընկերներից) մեկի հետ ազգակցական այլ կապի մեջ գտնվող եւ մինչեւ նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք:Ստացվում է, որ  ցանկացած ընտանեկան միավորի, անձի կյանքին կարող են խառնվել մեր, այսպես կոչված, ընտանեկան բռնության դեմ պայքարողները, քանզի ցանկացած անձ որեւէ ձեւով կարող է գտնվել ամուսիններից (զուգընկերներից) մեկի հետ ազգակցական այլ կապի մեջ մինչեւ նախապապ կամ նախատատ:  Որեւէ մեկը դուրս չի մնա այս ցուցակից: Ցանկացան անձի եւ քաղաքացու վրա կարելի է սահմանել եւ իրականացնել բացարձակ վերահսկողություն:

Օրենքի 5 - րդ կետը վերաբերվում է «ընտանեկան բռնություն» հասկացությանը։

Ընտանեկան բռնությունն է համարվում ընտանիքի անդամների միջեւ  ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության կիրառումը, մասնավորապես`

•ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին ծեծի կամ խոշտանգման ենթարկելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս կամ մահ պատճառելը

•կամ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին դիտավորությամբ ֆիզիկական ցավ պատճառելը

•կամ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին դիտավորությամբ հոգեկան տառապանք պատճառելը,

•կամ հոգեբանական հարկադրանքի, այդ թվում` սպառնալիքների եւ հետապնդումների ենթարկելը,

•կամ երեխայի ներկայությամբ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ նրա կամքին հակառակ դիտավորությամբ ցանկացած բռնության գործադրումը

•կամ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ անօգնական վիճակն օգտագործելով նրա հետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը կամ դրանց կատարմանը հարկադրելը,

•ընտանիքի մեկ անդամի կողմից ընտանիքի անդամ երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը:

Այստեղ նշված բոլոր արարքները քրեորեն պատժելի արարքներ են եւ արարք կատարող անձը կամ անձիք ենթարկվում են քրեական պատասխանատվության ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Այդ դեպքում ինչո՞ւ է այն դիտվում որպես ընտանեկան բռնություն, որի կիրառման համար ստեղծվել է մի ամբողջ օրենք: Ընտանեկան բռնության մեջ նշվում է, որ բռնություն է համարվում նաեւ մարդուն հոգեկան տառապանք պատճառելը կամ հոգեբանական հարկադրանքի ենթարկելը: Ի՞նչ ասել է հոգեկան տառապանք պատճառելը կամ հոգեբանական հարկադրանքի ենթարկելը:  ՀՀ Քր. Օրենսգրքում նման պատժելի արարքի որակում չկա: Իսկ հիմա ամենակարեւորի մասին.

•ընտանեկան բռնություն է համարվում նաեւ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի հանդեպ անհարկի տնտեսական վերահսկողություն սահմանելու նպատակով վերջինիս կամքին հակառակ նրա գույքը դիտավորությամբ վերցնելը,  ոչնչացնելը, վնասելը, յուրացնելը, վատնելը, օտարելը կամ թաքցնելը,

Ի՞նչ ասել է անհարկի տնտեսական վերահսկողություն սահմանելը: Օրինակ՝ եթե ընտանիքի անդամ ծնողները՝ հայրը կամ մայրը, թաքցնում են անչափահաս երեխայից իր մոտ հայտնաբերված պահպանակը, որն ազատորեն վաճառվում է դեղատներում եւ խանութներում կամ, ասենք, պոռնոգրաֆիկ բնույթի գրականությունը, որն, ի դեպ, Հայաստանի տարբեր բնակավայրերում մարդկանց է բաժանում իբր կանանց իրավունքների համար պայքարող «Կանանց ռեսուրսային կենտրոն կազմակերպությունը» կամ տրանսվիստիտների կյանքը լուսանաբող գրականությունը, որն, ի դեպ, Հայաստանում տպագրվել եւ գովազդվել է  միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ ու վաճառվում է  գրախանութներում կամ, ասենք, սիգարետ, կամ արգելում են համացանցից այլասերող կայքերի դիտումը ու ասում, որ երեխան իրավունք չունի օգտագործի կամ զբաղվի, ի՞նչ է, փաստորեն, այս արարքով ծնողները բռնությո՞ւն են կիրառում երեխայի նկատմամբ:

•ընտանեկան բռնություն է համարվում նաեւ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը

Փաստորեն, եթե ծնողները արգելում են, որ երեխան գնա այնպիսի տեղեր, օրինակ վիճաբանության կամ կռվի կամ ստրիփ-ակումբ կամ խաղատուն, ստացվում է, որ այդ արարքով ծնողները սահմանափակում են երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը, դրանով իսկ ըստ օրենքի հեղինակների, բռնություն են կիրառում երեխայի նկատմամբ եւ բազում այդպիսի օրինակներ»: Ամփոփելով խոսքը` Հ. Այվազյանը խոսեց նաեւ այն մասին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում այս օրենքի հեղինակները` անդրադառնալով միջազգային փաստաթղթերին, ինչպիսիք են Եվրոպայի Խորհրդի կոնվենցիաները. « Եվրոպայի Խորհրդի երեխաների իրավունքների իրականացման կոնվենցիայում (CETS No. 160) «ծնողներ» հասկացությունը սահմանվել է, որպես «ծնողական պատասխանատվության կրողներ», որոնք բացի ծնողներից կարող են լինել նաեւ այլ անձիք, ինչպես նաեւ այլ մարմիններ։ Երեխաների որդեգրման Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (CETS No. 202), երեխան կարող է որդեգրվել տարբեր սեռի երկու անձի կամ մեկ անձի կողմից։ Իսկ ահա նույն հոդվածի 2-րդ կետը ասում է, որ կոնվենցիայի շրջանակները կարող են ընդլայնվել պաշտոնապես ամուսնության գրանցում ունեցող նույն սեռի զույգերի համար, ինչպես նաեւ այն նույն սեռի զույգերի համար, որոնք ապրում են միմյանց հետ կայուն հարաբերությունների մեջ։ 2008 թ.-ին Հայաստանը արդեն ստորագրել է երեխաների որդեգրման Եվրոպական կոնվենցիան։ Այն առայժմ վավերացված չէ, սակայն դժվար չէ կռահել, թե ինչ կլինի, եթե հանկարծ այն վավերացվի։ Հաշվի առնելով նաեւ այն հանգմանքը, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որը փաստացի զրկում է Հայաստանին իրավական ինքնիշխանությունից, ինչը Հայաստանի Հանրապետության  կողմից վավերացված միջազգային պայմանագրերում ամրագրված նորմերին տալիս է գերակա կարգավիճակ ՀՀ օրենքներում սահմանված նորմերի նկատմամբ, ապա հստակ ուրվագծվում են այն նպատակները, որոնք հետապնդում են «ընտանեկան բռնության» մասին օրենքի հեղինակները եւ նրանց միջազգային հովանավորները»։

Հիշեցնենք, որ վերնշյալ համաժողովի արդյունքում շուրջ 100 հասարակական, քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների, ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ»  հոգեւոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինքի (այսուհետ` «ԴԱՇԻՆՔ») ստեղծման մասին հռչակագիրը եւ մշակվեց համապատասխան բանաձեւի նախագիծ, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles