«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ...»
Ազատամարտիկներն այսօր հավաքվել են Եռաբլուրում եւ անդրադարձել վերջին օրերին իրենց վրա տեղի ունեցած հարձակումներին: Մինչ ելույթներով հանդես գալը, արցախյան ազատամարտի մասնակիցները ծաղիկներ դրեցին իրենց զոհված ընկերների շիրիմներին: Ազատամարտիկների հավաքին մասնակցել է նաեւ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, ով «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ իր ելույթում հիշել է կեղտոտ համասեռամոլներին ու մանիկյուր քսած տղաներին, որոնք արցախյան պատերազմի տարիներին թալանով էին զբաղված, իսկ նվիրյալները մարտնչում էին Արցախի ազատագրման համար:
Արա Խուդավերդյանից հետաքրքրվեցինք` արդյոք ճիշտ է համարում Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի` ոստիկանություն չդիմելը: «Իրավապահներին չեն դիմել, քանի որ վստահություն չկա իրավական համակարգի նկատմամբ: Ես էլ, դուք էլ կարծում եմ էդպես կվարվեինք Ռազմիկի ու Մանվելի փոխարեն: Աչքը տեսածից է վախենում: Հիշեք Վոլոդյա Ավետիսյանին ինչ արեցին»,- ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը:
Անդրադառնալով ազատամարտիկների հասցեին հնչող այն քննադատություններին, թե նրանք չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ջոկատի հրամանատար համաձայն է այդ կարծիքին, բայց չէ՞ որ արցախյան ազատամարտի տարիներին ազատամարտիկը ռազմաքաղաքական իրավիճակում հայտնվեց ու մեր ժողովրդին հաղթանակ բերեց: «Ազատամարտիկը չպետք է մասնակցի որեւէ քաղաքական ինտրիգների, բայց դրա համար պետությունը ազատամարտիկի դերը պետք է բարձրացներ, տեղ տար նրան, լուծեր նրա սոցիալ-տնտեսական խնդիրները: Իտալիայում մարդիկ թքած ունեն, թե ով է իրենց երկրի ղեկավարը: Իտալացիները պահանջում են, որ Իտալիայի քաղաքական գործիչներն աշխատեն հանուն ժողովրդի: Նույնը կցանկանայի մեզ մոտ տեսնել»,- համեմատություն անցկացրեց ազատամարտիկը:
«Իրավունքը» զրուցեց նաեւ ազատամարտիկ, «Շուշի 92» ազատամարտիկների և վետերանների կազմակերպության նախագահ, Իշխան Սարգսյանի հետ, ով եւս համակարծիք է Արա Խուդավերդյանի հետ. ազատամարտիկները չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ստեղծեն միավորումներ: Ազատամարտիկները պետք է միասնական լինեն: Ես ինքս երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել: Արցախյան ազատամարտի մասնակիցները պետք է զբաղվեն երկրի խնդիրներով, բայց ոչ քաղաքականությամբ:
Իշխան Սարգսյանը թեեւ այսօր Եռաբլուրում չի եղել առողջական խնդիրների պատճառով, բայց չի բացառվում`, որ միանա նրանց` նայած թե այս գործընթացն ինչ զարգացում կունենա: «Եթե ազատամարտիկների նկատմամբ որսը շարունակվեց, ես կմիանամ նրանց»:
Անդրադառնալով ազատամարտիկների վրա կատարված հարձակումներին` Իշխան Սարգսյանը դա համարեց լկտիություն ու սրիկայություն`անկախ ամեն ինչից: Ցանկացած տեսակետ կարելի է հայտնել քաղաքակիրթ ձեւով: «Վերջերս ծեծելով սպանեցին ազատամարտիկ Վարդանին: Ամեն ինչ կարծում եմ էդտեղից սկսվեց: Եթե բոլորը ոտքի կանգնեին, ծեծող-սպանողների ականջները կտրեին, մի քանիսի համար դա լավ դաս կլիներ»,- եզրափակեց Իշխան Սարգսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ