ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ «TATRON.INFO ONLINE» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Ինչպես յուրաքանչյուր մրցանակաբաշխության շուրջ ծավալվող բուռն քննարկումները, բամբասանքներն ու նախանձը իրենց կիզակետին են հասնում մինչ արդյունքների ամփոփումը, նույն կերպ նաեւ բացառություն չէ «Tatron.info Online» մրցանակաբաշխությունը: Հավանաբար, «Օսկար» մրցանակաբաշխությունն ու դրա անվանակարգերում առաջադրված գերաստղերն առավել թեթեւ են նայում նման մրցույթներին, քան տարբեր մրցանակաբաշխություններում առաջադրված կամ չառաջադրված հայ մշակույթի գործիչները: Երբ մեկնարկեց «Tatron.info Online» մրցանակաբաշխության այս տարվա քվեարկությունը, դրան զուգահեռ սկսվեց նաեւ անվանակարգերում տեղ չգտած թատերագետների փնթփնթոցները: Վերջիններիս ագրեսիան սկսեց դրսեւորվել սոցցանցերում եւ «Tatron info» կայքում: Նախ թատերագետ Լեւոն Մութաֆյանը սկսեց ցեխ շպրտել «Տարվա լավագույն օնլայն քննադատ-լրագրող» անվանակարգում առաջադրված Արամ Արարատյանի վրա: Արդյունքում, երիտասարդ լրագրողը անհասկանալիորեն անհետացավ անվանակարգում առաջադրվածների շարքից: Մինչդեռ, նույն պարոն Մութաֆյանը նախորդ տարի ինքն էլ առաջադրված է եղել «Տարվա լավագույն օնլայն թատերագետ» անվանակարգում, սակայն նույնքան անհասկանալի պատճառով որոշ ժամանակ անց նա էլ լքեց օնլայն մրցանակաբաշխությունում առաջադրվածների շարքը: Հետեւաբար, բնական է նման վրդովմունքը, չէ՞ որ այս տարի թատերագետներն ընդհանրապես ընդգրկված չեն որեւէ անվանակարգում: Արդյունքում ունեցանք երկու հուզված թատերագետ. ինչպես պարոն Մութաֆյանը տեղին-անտեղին տարբեր անվանակարգերում առաջադրված մասնակիցների ֆեյսբուքյան էջերում «բղավում» էր, որ լրագրողները չեն կարող փոխարինել թատերագետներին եւ ոչ մի լումա չունեն ներդրած մերօրյա թատրոնում, այնպես էլ երիտասարդ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը միացավ նմանատիպ «անարդարության» կոչերին: Վերջինիս էլ չէր բավարարել քվեարկության ձեւաչափը ու հիշել էր, որ իրեն, պարզապես, չեն հիշում, իսկ լրագրողներս էլ միայն պատվիրված հարցազրույցներ ենք ունենում: Ինչեւէ, մրցույթը որքան էլ փորձում են պիտակավորել, այն այլեւս կայացած է եւ արդեն օնլայն տիրույթում ունի իր բարձր վարկանիշը: Իսկ թատերագետները մելանխոլիկ «գրառումներ» անելու փոխարեն, ավելի լավ կլիներ թատերական ներկայացումների անաչառ վերլուծություն կատարեյին, ոչ թե լրագրողներին վարկաբեկելու հաշվին, նրանց հետ մրցելով՝ հիշեցնեին իրենց գոյության մասին: Ամեն դեպքում հետաքրքիր տրամաբանություն է. վերոնշյալ թատերագետները չցանկանալով փչացնել իրենց բարի-դրացիական հարաբերությունները թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ թատրոնի վերաբերյալ բացթողումների մասին բարձրաձայնելը թողնում են միայն լրագրողների ուսերին ու թատրոնը քննադատելու փոխարեն, սկսում քարկոծել լրագրողներին:
Այնուամենայնիվ, «Իրավունքը» այս թեմայի եւ օնլայն մրցանակաբաշխության մասին զրուցեց «Tatron info Online» մրցանակաբաշխության հիմնադիր նախագահ ՖՐՈՒՆԶԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ: - Ինչո՞ւ որոշեցիք անցկացնել օնլայն մրցանակաբաշխություն հենց թատերական գործիչների ասպարեզում:
- Օնլայն մրցանակաբաշխությունը կյանքի է կոչել «Tatron.info» կայքը: Այդ իսկ պատճառով այնտեղ պետք է ընդգրկված լինեին թատերական գործիչներ: Ինքս մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր եմ եւ բավականաչափ տիրապետում եմ
թատերական ասպարեզին, ինչն էլ պատճառներից մեկն է, որ ստեղծվեց տվյալ կայքը: Այնուհետեւ, մեկ տարի անց նաեւ «Tatron.info Online» մրցանակաբաշխությունը:
Թատերական ասպարեզը ամենախոցելի կետերից է արվեստում, որը հատկապես արդի ժամանակում մեծ ուշադրության, ներկայացնելու, լուսաբանելու եւ պարգեւատրելու կարիք է զգում: Պետք է նշեմ, որ տվյալ մրցանակաբաշխությունը երիտասարդական է, ավելի շատ կենտրոնացած է երիտասարդներին ներկայացնելու, լուսաբանելու եւ պարգեւատրելու գաղափարով եւ երիտասարդ հանրությանը ճանաչելի դարձնելու: Չենք բացառում նաեւ, որ հետագայում մրցանակաբաշխությունը կընդլայնի իր ճյուղերը եւ կլինի ոչ միայն թատերական, այլ նաեւ կինո եւ գրականություն:
- Կարելի՞ է ասել, որ այս մրցանակաբաշխությամբ ձեռնոց եք նետում տեղի այլ մրցանակաբաշխություններին:
- Ինչքանով տեղյակ եմ նմանատիպ այլ րցանակաբաշխություն չկա: Կա օնլայն եւ կա օֆլայն մրցանակաբաշխություն, իսկ դրանք բավականին տարբեր բաներ են: Նույն է, ինչ մարդու հետ խոսես առերես կամ խոսես facebook-ի չաթով: Իհարկե, չեմ բացառի, որ օնլայն մրցանակաբաշխությունը իր մեկ տարվա կտրվածքով ապացուցեց, որ ավելի հետաքրքիր ու ավելի հանրային է, քան օֆլայնը: Դա բացատրվում է նաեւ նրանով, որ արդի ժամանակում երիտասարդության ակտիվությունը օնլայն հարթակում ավելի մեծ տոկոս է կազմում, քան օֆլայն հարթակում: Կյանքում շատ բաներ փոփոխվում են, չեմ կարող ասել՝ դա լավ է, թե վատ, սակայն պետք է ընդունել այդ փաստը եւ համակերպվել, որ կյանքում ոչինչ անփոխարինելի չէ: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր համարում են, որ տվայլ քայլով ձեռնոց եմ նետում, ուրեմն՝ իրոք, ունեն մտահոգվելու կարիք:
- Նախորդ տարվա թատերագետներին, այս տարի ինչո՞ւ փոխարինեցին լրագրողները:
- 2012թ-ին կայացած օնլայն մրցանակաբաշխությունը, քանի որ առաջին անգամ էր, նա իր մեջ ամփոփում էր վերջին ժամանակների օնլայն հարթակի ակտիվ երիտասարդներին ու մնացած անվանակարգերը: Այդ իսկ պատճառով անցած տարի կային ե՛ւ թատերագետներ, ե՛ւ նաեւ թատերագիրներ: Իսկ այս տարի՝ 2013թ-ին, ուսումնասիրելով 2012թ-ին իրենց ակտիվությամբ առավել աչքի ընկած թատերական գործիչները եւ թատերասերները, պարզվեց, որ չկա ո՛չ թատերագիր, եւ ո՛չ էլ թատերագետ, որոնք առավել ակտիվ են եղել եւ նոր աշխատանքներ են կատարել 2012թ-ին օնլայն հարթակում: (Բացառությամբ 2 թատերագետի, որոնք չեն ցանկացել մասնակցել): Բայց, ուսումնասիրելով դաշտը չէր կարելի անտեսել այն փաստը, որ թատերական լրագրողները առավել ակտիվ են թատերական ասպարեզում, քան թատերագետները: Այդ իսկ պատճառով էլ թատերագետները կարելի է ասել, փոխարինվեցին թատերական լրագրողներով:
- Փառատոնում որոշակի փոփոխություններից բացի, փաստորեն տեղի են ունենում նաեւ ընթացիկ փոփոխություններ, քանի որ անվանակարգերում ընդգրկված մի քանի մասնակիցներ փոխարինվեցին մեկ այլ մասնակիցներով, կամ էլ ընդհանրապես հեռացվեցին անվանակարգերից: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը:
- Օնլայն մրցանակաբաշխության կանոնակարգում կա մի կետ, որտեղ նշված է, որ մրցանակաբաշխության քվերակության օրվանից սկսած, անվանակարգերն ու անվանակարգերի մասնակիցները կարող են ենթարկվել փոփոխության: Կարող են հեռացվել, ավելացվել, բայց ոչ փոխարինվել, քանի որ ամեն մասնակից ինքնին յուրատեսակ է: Եվ, չեմ հիշում տվյալ դեպք, որ մասնակիցը փոխարինվել է մեկ այլ մասնակցով: Հեռացվել է մեկ մասնակից, քանի որ մասնագետների կողմից նկատվել
էր սխալ, որ տվյալ մասնակիցը չի կարող նույն հարթակում գտնվել մնացածի հետ, քանի որ բավականաչափ զիջում է իր պրոֆեսիոնալիզմով: Եվ քանի որ մեկ մասնակցի վերաբերյալ մի քանի մասնագետների կողմից հնչում է նույն բացասական կարծիքը, տվյալ մասնակիցը կարող է հեռացվել մրցանակաբաշխության անձնակազմի համատեղ որոշմամբ: Եվ նույնն էլ հակառակը, եթե մասնագետները իրենց կողմից բերում են օրինակներ, ինչպես նաեւ փաստեր, որ X թատերական գործիչը եղել է ակտիվ տվյալ ժամանակահատվածում, ապա կարող է ներառվել անվանակարգում: Եղել են մասնակիցներ, ովքեր իրենց
կամքով են ցանկացել չմասնակցել քվեարկությանը, ինչը հարգվում եւ ընդունվում է մեր կողմից:- Շատերն ասում են, որ այդ փոփոխությունները կապված են ձեր կայքում թողած մեկնաբանությունների հետ, որտեղ բոյկոտեցին որոշ մասնակիցների համար եւ ինչի արդյունքում նրանք դուրս մնացին մրցակցությունից:
- Իհարկե, որոշակի մասը գտնվում էր մեկնաբանությունների տեսքով, որոշ մասը՝ անձնական նամակագրության, իսկ որոշ մասն էլ՝ հեռախոսազանգի տեսքով: Պետք է նշեմ, որ մենք հաշվի ենք առնում մասնագետների կարծիքները, քննարկում
մրցանակաբաշխության հանձնախմբում, որից հետո որոշում կայացնում:
- Իսկ ի՞նչ ձեւով եք ամփոփելու արդյունքները եւ ինչպե՞ս եք ապահովելու անաչառությունը, չէ՞ որ Ձեր ընտրած ձեւաչափով, փաստորեն, մասնակիցներն ու հանրությունը զրկված են իմանալ, թե որքան ձայն է հավաքել այս կամ այն անվանակարգում առաջադրված մասնակիցը:
- Անցած տարի մրցանակաբաշխությունը ընթանում էր, մեկ այլ ձեւաչափով: Ամեն քվեարկող կարող էր տեսնել իր իսկ տված ձայնը: Կարող էր քվեարկել օրական մեկ անգամ: Իհարկե, այդ ամենը ավելի թափանցիկ էր, ավելի տեսանելի: Սակայն, այդ
ամենը ուներ նաեւ իր մի քանի բացասական կողմերը, քանի որ մեր նպատակներից մեկը այն է, որ տվյալ մասնակցին հանրությունը ճանաչի հենց իրենց օգնությամբ, այսինքն՝ իրենց ակտիվությամբ: Իսկ տվյալ պարագայում ակտիվ էին միայն առաջին եւ երկրորդ հորիզոնականներում գտնվող մասնակիցները, իսկ մնացածները՝ տեսնելով, որ բավականին ետ են, հուսալքվում են եւ չեն փորձում լինել ակտիվ: Իսկ այս ձեւով կլինի ավելի մեծ պայքար: Իսկ ինչ վերաբերվում է անաչառությանը, ապա պետք է նշեմ, որ նույնիսկ անցած տարի, երբ ամեն ինչ թափանցիկ էր, միեւնույն է հնչում էին կարծիքներ, որ սուտ է, խաբեություն է, «դուք Ձեր ծանոթ բարեկամին եք առաջ տանում»: Այս դեպքում երեւի թե չեմ տեսնում տարբերություն, միեւնույն է, կասկածամիտ մարդը մնում է կասկածամիտ, իսկ ով մեզ ճանաչում է ու հավատում, գիտի, տեսնում է եւ նկատում է, որ մենք բոլորի կողմից ենք եւ մեր համար բոլորն էլ գտնվում են մի հարթության վրա:
- Ընդհանրապես, երբ յուրաքանչյուր քվեարկություն ավարտվում է, բոլորը սկսում են խոսել, թե անարդար էր, Դուք ինչպե՞ս եք ապահովելու քվեարկության թափանցիկությունը:
- Եթե կգտնվեն մասնակիցներ, լրագրողներ, կամ թատերական գործիչներ, ովքեր կկարծեն, թե անարդար է, չեն հավատա տվյալ արդյունքներին, ես հնարավորություն կընձեռնեմ ե՛ւ մասնակիցներին, ե՛ւ նույնիսկ ԶԼՄ-ներին մուտք գործելու տվյալ քվեարկության համակարգը եւ տեսնելու ձայները, աշխատող մեխանիզմը՝ իրենց ամեն մի ձայնի օրը, ժամը, վայրկյանը: Կարծում եմ, այդքանը բավական է մարդկանց ապացուցելու եւ ցույց տալու, որ այս մրցանակաբաշխությունը ստեղծված է հանրության ձայնը հաշվի առնելու, այլ ոչ թե ժյուրիների նախանձախնդիր Ես-ը ցույց տալու մասնակցի վերաբերյալ: Այ սա է ամենակարեւորը եւ տարբերվողը օնլայն մրցանակաբաշխությունը՝ օֆլայն մրցանակաբաշխությունից:
- Քանի որ մրցանակաբաշխությունը մեծ արձագանք է գտնում եւ գաղտնիք չէ, որ մրցանակաբաշխությանը նույնիսկ կանգնելու տեղ չի լինում, նպատակ չունե՞ք այս տարի ավելի մեծ սրահում անելու:
- 2012թ-ին, երբ ավելի շատ փորձնական տարբերակով արվեց տվյալ մրցանակաբաշխությունը, տեսնելու, թե ինչ արձագանք կունենա, ընտրվեց ավելի փոքր տարածք, ավելի ընտանեկան միջավայրով հագեցած: Սակայն, հաշվի չէինք առել, որ մրցանակաբաշխությունը կարող է այդքան մեծ հաջողություն ունենալ, եւ այդքան շատ մարդկանց հետաքրքրությունը շարժել այդ օրը ներկա գտնվել: Իսկ այս տարի հաշվի ենք առել անցած տարվա թերությունները եւ լուծել ենք այդ
հարցը, այս տարի տարածքի նեղվածության խնդիր չի լինի:
Զրույցը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ