“ԲԱՎԱԿԱՆ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԵԼ՝ ՕՏԱՐԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՎ”
Բնական է, որ իր կողքին սատանիստ թիմակից ունեցող “Ժառանգություն” կուսակցության նախագահ, արդեն հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հարմար առիթ գտներ եւ իր թույնը թափեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա: Եվ այսպես, վերջինս իրեն իրավունք է վերապահել պահանջել Վեհափառից նախագահի երդմնակալության օրը թույլ չտալ պղծել Տիրամոր Ավետարանը ու հայտարարել. “Եթե մինչեւ մարտի 31-ը Սերժ Սարգսյանը հայրենիքի սերը չունեցավ ինքնաբացարկի, ես միայն մի խնդրանք ունեմ` թող նա Վեհափառին ասի, որ երբ մենք սուրբ տաճարում ենք, պետք չէ խմել ՀՀ նախագահի կենացը, մի՜ խմեք իմ կենացը, Հայրապե՜տ: Եկեղեցին անջատ է պետությունից, այլ ոչ թե գործիք է նրա ձեռքին…”: Թեպետ րաֆֆիհովհաննիսյանական զառանցանքներին արդեն մի տեսակ սովորել է հանրությունը, բայց առավել ողբերգականն այն է, որ աղանդավորական ու կիսաղանդավորական ապազգային տարրերն են գլուխ բարձրացրել ու վերոնշյալ հայտարարությունից ոգեւորված սկսել են “ցեխ շպրտել” Հայ առաքելական եկեղեցու եւ Վեհափառի վրա: Փաստորեն, ստացվում է, որ իր քաղաքական խաղերի մեջ պարոն Հովհաննիսյանը մտադիր է ներքաշել նաեւ հոգեւոր առաջնորդներին: Սակայն, ի պատասխան այս ամենի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տ.ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրում է. “Զգույշ եղեք սուտ մարգարաներից: Նորից ալեկոծ է հայ կյանքը: Օտար հողմերը նկրտում են կրկին փոթորիկ առաջ բերել հայ կյանքում: Եվ դարձյալ հարվածում են Հայոց Եկեղեցուն` հմուտ, խորագետ, զգոն, իրապաշտ, հեռատես եւ քաջարի նավարարին: Հարվածում են այն սին հույսով, որ թերեւս տեղի տա... Սակայն բնավ, երբեք ոչինչ չի շեղի Հայոց Եկեղեցու եւ հայ հոգեւորականի դարավոր առաքելությունը: Որոշ “գործիչներ” հասկանում են, շատ լավ գիտակցում են, որ Հայոց Եկեղեցին եւ հայ հոգեւորականը քաղաքական կուսակցություն կամ քաղաքական գործիչ չեն, ուստի՝ չեն կարող մաս կազմել քաղաքական խաղերի կամ գործողությունների: Եվ սակայն, իրենց թույլ են տալիս այնպիսի կոչեր անել, որոնք մոլորության մեջ են գցում բարեմիտ հայորդիների... Հայոց Եկեղեցին` որպես Հայաստանի հավատարիմ ու նվիրյալ քաղաքացի կատարել է իր արդար ու ազատ ընտրությունը. մենք ընտրել ենք Հայոց Պետականությունն ու Պետությունը: Մենք հավատում ենք, որ մեր Հայրենի Պետության մեջ կա արդարություն, ազատություն եւ բոլոր հնարավոր միջոցներն առկա խնդիրները բարվոք կերպով լուծելու: Պետք չէ տրվել արկածախնդրության, պետք չէ կորցնել զգոնությունը: Բավական է խաղալ, բավական է հայ ժողովրդի տունը քանդել` օտարին ծառայելով. հարկ է գործի լծվել, արդար ու շինարար: Եվ վերջապես. հանգիստ թողեք երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետին. հայ հոգեւորականից, մանավանդ ներկայիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսից (ով եղել է Նրա սանը եւ հավատարիմ ու նվիրյալ հետեւորդը), առավել ոչ ոք սեր չի կարող տածել Նրա նկատմամբ: Վազգեն Ա Հայրապետը երբեք քաղաքական խաղերի մասնակից չի եղել, Նա երբեք քաղաքական կուսակցությունների հատվածական շահերը չի պաշտպանել: Իսկ եթե 1988 թ. Նա իր ձայնն է բարձրացրել, ապա միմիայն Հայոց համազգային շարժմանը սատարելու համար, իսկ այդ շարժումը պայքարում էր Խորհրդային Միության դեմ: Այդ շարժումն ազգադավ կամ հայրենադավ չէր: Իսկ այսօր իրավիճակն այլ է...
Ով ականջ ունի լսելու, թող լսի: Ով աչք ունի տեսնելու, թող տեսնի”:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ