՛՛ՀԱՑԱԴՈՒԼՈՎ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ՛՛
<Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումն ի վերջո կմարի, եւ նա կկորցնի ժողովրդի վստահությունը>: Այս մասին այսօր ՍԻՄ <Ազդակ> ակումբում լրագրողների հետ հանդիպման նժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Ես մեծ ուշադրությամբ հետեւել եմ նրա մարզային այցելություններին եւ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին, եւ կարող եմ ասել, որ նա ժողովրդին նոր ասելիք չունի, քանի որ բոլոր հավաքների ժամանակ խոսում է նույն բաների մասին՝ իր հետագա գործողությունների մեջ ոչ մի հստակություն չմտցնելով»,- ասաց նա:
Ս. Ավետիսյանը ճիշտ չի համարում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միտինգներ անցկացնելու եւ ժողովրդի մի զանգվածին մյուսի դեմ հանելու քայլերը. «Նրա միակ ճիշտ որոշումը կլինի շնորհավորել Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ, ինչպես դա ընդունված է քաղաքակիրթ երկրներում, քանի որ այս պահին նա իր քայլերով երկու մասի է բաժանում ժողովրդին>:
<Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով փորձում է այդպիսով ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա, որն արդեն քննում է նրա դիմումը: Նա հացադուլ հայտարարելուց առաջ պետք է սպասեր Սահմանադրական դատարանի որոշմանը, իսկ այսպես, ես կարծում եմ, որ նա փորձում է ճնշում գործադրել ՍԴ-ի վրա»:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի հստակ ծրագիր, որի շնորհիվ կկարողանա հասնել իր համար այդքան «ցանկալի հաղթանակին»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ