Քրեակատարողական համակարգը լճացել է
Այսօր, դատապարտյալների իրավունքների և դրանց ոտնահարումից առաջ եկած հոգեբանական խնդիրների մասին լրագրողների հետ խոսեցին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը և իրավաբանական հոգեբան Անահիտ Արզումանյանը: Նրանք երկուսն էլ կարևոր համարեցին դատապարտյալների հետ տարվող ճիշտ, նախապես պլանավորված աշխատանքը, որի արդյունքում դատապարտյալների արժեհամակարգը պետք է փոխվի, որպեսզի քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո նրանք նորից չկրկնեն նույն սխալը և կրկին չհայտնվեն մեկուսարանում:
« Վերջերս հաճախակի կրկնվող՝ դատապարտյալների ինքնախեղման դեպքերի այս մեծ ծավալը նորությու՞ն է, թե՞ դա միշտ է եղել, սակայն ինֆորմացիան դուրս չի եկել քրեակատարողական հիմնարկներից և ի՞նչն է դրա պատճառը»,- «Իրավունք»-ի հարցին Արման Դանիելյանը պատասխանեց, որ դա միշտ եղել է, պարզապես այս վերջերս շատացել են դեպքերը, դժգոհության ալիք է բարձրացել: Եթե ՀՀ քրեակատարողական համակարգը 10 տարի առաջ ամենադինամիկ զարգացող, բարեփոխվող համակարգն էր Հայաստանում և ամենաթափանցիկը, որը առաջինը ներդրեց հասարակական վերահսկում և շատ ակտիվ աշխատում էր հասարակական սեկտորի հետ ապա այսօր այն դարձել է ամենալճացածներից մեկը: Այն դարձել է բացարձակ փակ համակարգ և դրա պատճառներից մեկը ըստ Ա. Դանիելյանի այն է, որ ՀՀ ներկայիս Արդարադատության նախարարությունը գրեթե չի վերահսկում համակարգը. «Վարչության պետ նշանակվում է նախագահի կողմից և այս պարագայում, ցավոք սրտի, բայց Արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական վարչության վերահսկելը ուղղակի կապված է նախարարի անձի հետ: Եթե Դավիթ Հարությունյանը ուժեղ նախարար էր, որը կարողանում էր վերահսկել այդ համակարգը և կարողանում էր ինչ որ բարեփոխումներ իրականացնել, հետագա նախարարների ազդեցությունը համակարգի վրա գնալով նվազում է և արդյունքում, կարծում եմ այսօր գրեթե որևէ վերահսկողություն նախարարության կողմից չկա»:
Դատապարտյալների բազմաթիվ խնդիրների թվում Ա. Դանիելյանը առանձնացրեց վաղաժամկետ ազատման համակարգի գործունեությունը է, որը գործում է ոչ միայն դատապարտյալների համար անհասկանալի սկզբունքով: Այն անհասկանալի է նաև կառույցների համար, որոնք որոշումներ են կայացնում այդ ոլորտում: Նա նշեց, որ հիմնական խնդիրը նրանում է, որ ոչ մի փուլում չկան որևէ չափանիշներ որոնցով գնահատվում է դատապարտյալի « ուղղումը»: Երբ չկան չափանիշներ և հասկանալի չէ թե որ պարագայում է մարդը համարվում ուղղված և մեծանում է սուբյեկտիվ գործոնը: Տվյալ հանձնաժողովները դատապարտյալին մի քանի հարց են տալիս, որից հետո տեղի է ունենում փակ քվեարկություն: Դրանից հետո, երբ վաղաժամկետ ազատումը մերժվում է, դատապարտյալի մոտ հարց է առաջանում, արդյոք ի՞նչն է սխալ արել, կամ ի՞նչ պետք է անի, որ «ուղղվի», բայց ոչ ոք այդ հարցի պատասխանը չունի: Այսօր վաղաժամկետ ազատման համար դիմող դատապարտյալների դիմումների 70 %-ը մերժվում է: Այսօրվա դրությամբ մերժումների մեծ մասը տրվում է հենց քրեակատարողական հիմնարկում: Այս է հիմնական պատճառը, որ դատապարտյալները գնում են կտրուկ քայլերի՝ ինքնախեղման, այդպիսով փորձելով ուշադրություն գրավել իրենց խնդիրների վրա:
Իրավաբանական հոգեբան Անահիտ Արզումանյանը նշեց, որ այսօր ՀՀ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ ունի մեկ հոգեբան, որը պետք է աշխատի երբեմն մինչև հազար և ավելի դատապարտյալի հետ: Այդպիսով, նման ծավալի աշխատանք կատարելը և դրական արդյունքներ գրանցելը անհնար է դառնում: Ա. Արզումանյանը նշեց նաև, որ հոգեբանները պարտադրված են լինում հատուկ համազգեստ կրել, ինչի հետևանքով դատապարտյալների աչքերում վերածվում են համակարգի աշխատակիցներից մեկի, ինչը խոչնդոտում է դատապարտյալ-հոգեբան կապին. « Քրեակատարողական հիմնարկների հիմնական գործառույթներից են արժեհամակարգի վերափոխումը, վերադաստյարակությունը և մեկուսացումը: Մեզ մետ փաստացի գործում է մենակ այդ մեկուսացման ֆունկցիան»:
Ա. Դանիելյանը նշեց նաև, որ չնայած այսօր բոլորը մեղադրանքներ են ներկայացնում Արդարադատության նախարարին, պետք չէ նաև մեռանալ, որ գոյություն ունի քրեակատարողական վարչության պետ: Նա հավելեց, որ այդ դաշտում ռեալ իշխանություն ունեցողը հենց վարչության պետն է, որը սակայն, երբեք կոնտակտի դուրս չի գալիս:
Մարինե Բարսեղյան