ՍԵՔՍԻ ԱՆԶՈՒՍՊ ԾԱՐԱՎՆ ՈՒ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ԱՅՑԻ ԵԿԱԾ ՍԵՐԸ
Այսօր Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Փոքր» դահլիճում կայացավ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողուհի Նորա Գրիգորյանի (Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է) բեմադրած «Աննորմալը» պիեսի առաջնախաղը:
Սկսնակ բեմադրիչին հետաքրքրել էր հայտնի ռուս դրամատուրգ Նադեժդա Պտուշկինայի գործը, որի հիմքում կին-տղամարդ հարաբերություններն են, սեքսի անզուսպ ծարավն ու անսպասելիորեն այցի եկած նորին մեծություն Սերը…
«Իրավունք»-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պնդեց, որ ընդամենը մեկ անգամ է գտնվել դստեր փորձին եւ բանավոր մի քանի դիտողություն է արել. «Երբ Նորան դերաբաշխում էր կատարում, ես առաջարկեցի նրան ներկայացման մեջ զբաղեցնել արդեն իսկ փորձված դերասանների, սակայն վերջինս հրաժարվեց` ասելով, որ ցանկանում է «քաղցած» դերասանների հետ աշխատել: Այսինքն` այն դերասանների հետ, որոնք նման դրամատիկ դերեր երբեւէ չեն խաղացել (խոսքը դերասան, երգիչ Էրվին Ամիրյանի (Տղամարդ), դերասանուհիներ Անաիդա Գաբրիելյանի եւ Ելենա Վարդանյանի (Կին) մասին է,- Վ.Մ.)»:
Մեր դիտարկմանը, թե դուստրը փոխել է ներկայացման հանգուցալուծումը` մատուցելով haapy end, Ալ.Գրիգորյանը նշեց. «Նորան հավատալով, որ սերը պետք հաղթողի դերում լինի, ցանկացել է, որպեսզի ներկայացումն ունենա լավատեսական ավարտ: Դա իր իրավունքն է: «Կոտրել» նրան, համոզել, որ ներկայացման համար այլ հանգուցալուծում փնտրի, չեմ ցանկացել»:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ