Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Բաքվում ունի խնդրահարույց կետեր.Կիրո Մանոյանը
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանելով «Իրավունք»-ի հարցին, այն մասին, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի Բաքու կատարած այցի վերաբերյալ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության արած հայտարարությունը կարելի է դիտարկել, որպես Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշում, ասաց. « Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարություն չի արել: Նիկոլ Աղբալյան միության երկու անդամ այդ Ծաղկաձորի ժողովի ընթացքում բաներ են ասել, որը ներկայացվել էր իբրև միության հայտարարություն »: Կ. Մանոյանը նշեց, որ ցանկացած կազմակերպության հրավերք ընդունելը սխալ է, պետք է քաջ գիտակցել թե ում կողմից ես հրավերք ընդունում.« Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային ժողովը ցույց տվեց, որ ամբողջությամբ Ադրբեջանի ազդեցության տակ է: Կարծում եմ նման ժողովների մասնակցելը այդքան էլ ճիշտ չի լինի, ինչքան էլ մասնակցողները փորձեն հակաճառել»:
Կ. Մանոյանը կոչ արեց որևէ առաջարկ ընդունելուց առաջ տեղեկանալ տվյալ կառույցի ինչ լինելու վերաբերյալ:« Մենք տեսել ենք, որ գումարվել են տարբեր ձևի միջազգային ժողովներ Բաքվում, և հաճախ էլ այնտեղից հնչած տեսակետները ընդհանրապես նույնն են, հատկապես այն կազմակերպությունների, որոնք ուղղակի ազդեցության տակ են, բայց փորձել այդ բոլոր հայտարարություններին հակադարձել այդքան էլ ճիշտ չի լինի: Պարզ է, որ նման ժողովներ գումարվելու են, իրենք էլ նման հայտարարություններ կատարելու են: Ի դեպ Դաշնակցության Լիբանանի կառույցը ևս հրավիրված էր, բայց այս պարագայում չհամաձայնեցին մասնակցել»,- նշեց ՀՅԴ Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա չցանկացավ անդրադառնալ Ր. Հովհաննիսյանի՝ Բաքվում ունեցած ելույթին, ասելով.« Ես ուրիշների ելույթների բովանդակությանը անդրադառնալու նպատակ չունեմ: Այդ ելույթը Բաքվում արված, ունի ինչ որ խնդրահարույց կետեր մեջը, բայց դա մեր տեսակետից: Հիմա հարցը մասնակցելն էր, արժեր մասնակցել, թե՞ ոչ՝ կարծում եմ նման կազմակերպության ժողովի Բաքվում այդքան էլ չարժեր մասնակցել»:
Մարինե Բարսեղյան