ՙՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ԳՈՌԱԼ, ԹԵ ԱՅՍ ՊԱՇՏՈՆԸ ՏՎԵՔ ՄԵԶ ԵՎ ԱՅԼՆ, ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ՚
Որոշ քաղաքական ուժեր, թերեւս ավելի ռեալ գնահատելով իրենց հնարավորությունները, որոշեցին չմտնել Երեւանի ավագանու ընտրությունների մեջ: Նրանց թվում էր նաեւ ՀԿԿ-ն, որի հերթական անգամ ընտրություններին չմասնակցելու պատճառները ՙԻրավունքը՚ պարզեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ.
-Պատճառաբանություններից ամենագլխավորն այն է, որ մենք համոզվեցինք` 22 տարիների ընթացքում երկրում ոչ մի նորմալ ընտրություն չի եղել եւ միշտ ընթացել է բոլորովին ուրիշ ճանապարհով` հակասահմանադրական եւ դրա հետ միասին ընտրակաշառքներով, կեղծիքներով եւ այլն:
Երկրորդ պատճառն, իհարկե, ֆինանսական խնդիրն է, որը, կարծես թե, օրենքով ստեղծել են հենց այն կուսակցությունների նկատմամբ, որոնք լուրջ գաղափարներ ունեն: Ժողովուրդը կարոտ է այդ գաղափարախոսությանը, եւ արգելանքի մի ձեւը դա է, որովհետեւ այսօր հայ ժողովուրդը սպասում է կոմունիստների վերադարձին` բոլոր բնագավառներում: Բայց, ՙԱզգակցական՚ ժողովի ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր երկրում երբեք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ չեն լինի: Այն, որ ասում են այս ընտրությունները մի քայլ առաջ են, 22 տարի է լսում ենք: Իսկ այդ ՙմի քայլ՚ առաջը հասցրեց մեզ անդունդի եզրին:
- Եթե խնդիրը ֆինանսական էր, ինչո՞ւ չփորձեցիք որեւէ քաղաքական ուժի միանալ:
- Երբեք ու երբեք մենք չենք գտնում այն քաղաքական ուժը, որի հետ հանուն ֆինանսականի կարող ենք զոհաբերել մեր գաղափարախոսությունը: Մեր գաղափարախոսության գլխավոր խնդիրն է՝ ամեն ինչ ժողովրդի համար, ամեն ինչ հանուն ժողովրդի, եւ 90 թվականից մինչեւ օրս ժողովրդից խլածը վերադարձնել ժողովրդին: Այնպես որ, դրանից հետո մենք որեւիցե ուժի միանալ չենք կարող: Եթե որեւիցե մեկը՝ անկախ նրանից ուզում է նախագահ դառնալ, ուզում է Ազգային ժողովում լինել կամ այսօր Ավագանու ընտրություններին մասնակցել, թող հայտարարի, որ ժողովրդից խլվածը պետք է վերադարձվի ժողովրդին: Համակարգային լուրջ փոփոխություն պետք է տեղի ունենա, բայց ո՞ր մի ուժը այսպիսի հայտարարություն կանի, բոլորը լիբերալ ուժեր են: Բոլորը գալիս են իրենց արդեն թալանածը պաշտպանելու, եւ որեւիցե մեկը ժողովրդի մասին չի կարող մտածել:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոններ է պահանջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ու հետո էլ ասում՝ թե թող ինքը գա ինձ մոտ բանակցելու:
- Քաղաքական գործիչը պետք է լուրջ մտածի իր արտահայտությունների վերաբերյալ: Ասում են՝ ՙխելոք խոսելը դժվար է, բայց խելոք լսելը ավելի դժվար՚: Աստված մարդուն երկու ականջ է տվել եւ մեկ լեզու, որ լսելուն ավելի ունակ լինի: Այդ հայտարարությունները, որ անում է Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ ձեւով չի լուծվում երկրի խնդիրները: Երկիրը պահանջում է լուրջ նստել-մտածել, որ կադրային քաղաքականությունը խայտառակ է մեր երկրում: Բայց, այդպես Օպերայի հրապարակից գոռալ, թե այս պաշտոնը տվեք մեզ եւ այլն, այդպես չի լինում: Կոնկրետ կադրը պիտի դրվի, քննարկվի, թե այս կադրն ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ արժանիքներ ունի, ինչպիսի՞ հեղինակություն ունի ժողովրդի մեջ, ոչ թե ասի՝ պաշտոնները տվեք մեզ: Այդպիսի բան լինել չի կարող, դրա համար հարկավոր է, որ Րաֆֆին մի քիչ խելոք մոտենա այդ հարցերին եւ ոչ թե հռետորական հարցադրումներ անի՝ թե եկեք հրապարակում քննարկենք կադրային քաղաքականությունը: Մեր առաջնորդներից մեկը ժամանակին շատ դիպուկ ասել է. ՙԿադրերն են որոշում ամեն ինչ՚: Իսկ մեր երկրում կադրերի վիճակը բավականին ծանր է, եւ պետք է արմատապես վերանայել այն եւ ոչ թե այն մեթոդով առաջնորդվել, ինչ առաջարկում է Րաֆֆին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
↧
ՙՕՊԵՐԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ԳՈՌԱԼ, ԹԵ ԱՅՍ ՊԱՇՏՈՆԸ ՏՎԵՔ ՄԵԶ ԵՎ ԱՅԼՆ, ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ՚
↧