Ր.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԲԱՑՕԹՅԱ ՎՐԱՆԸ ԵՐԵԿՈՅԱՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է “ՔՅԱՌԹՈՒ ԲԻՍԵՏԿԱՅԻ”
Թեպետ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության նախագահ, հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի 31-ին կդադարեցնի իր հացադուլը, սակայն դեռ շարունակում է “բնակվել” Ազատության հրապարակում: Ինչ խոսք, զարմանալիորեն “տնավորվել” է պարոն Հովհաննիսյանը Երեւանի սրտում՝ իր բացօթյա եւ փակ վրաններով: Երեկ երեկոյան տեւական ժամանակ Ր.Հովհաննիսյանը Ազատության հրապարակի անցորդների տեսադաշտում չէր երեւում, սակայն նրա փոխարեն իր բացօթյա “չափառակալած” տարածքին տիրել էին սեփական բակի “բիսետկայում” իրենց զգացող տարօրինակ կերպարներ: Իսկ մեր հարցին, թե ո՞ւր է պարոն Հովհաննիսյանը, վերջիններիցս մեկը մատնանշելով փակ վրանը՝ ասաց. “ՀեԴեւս ա”: Իսկ տղաներին այլեւս ավելորդ էր հարցնել որեւէ բան, քանի որ ինչպես իր, այնպես էլ իր տարածքում հայտնվածների համար, “Ժառանգության” առաջնորդը հոգացել է փակցված հայտարարությամբ. “ԼԱՎ ԵՄ, Շնորհակալություն”:
Ինչեւէ, որ Ր.Հովհաննիսյանը մեկ-մեկ “самаволка” է գնում իր փակ վրան նորություն չէ, բայց իրեն շրջապատողներն, իրոք, մտածելու տեղիք են տալիս: Միայն այդ տեսարանին պակասում էր նարդին եւ գարեջուրը:
Էհ, Ազատությա՛ն հրապարակ, երկու օր մնաց, դիմացի՛ր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ