ՐԱՖՖԻՆ "ՄԻԱԿ ՆԱԽԱԳԱՀ"-ԻՑ ԴԱՌԱՎ "ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ", ԻՍԿ ՎԱ՞ՂԸ ԻՆՉ ԿԴԱՌՆԱ
Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ եւ շարունակեց մարզային հանդիպումները: Երեկ հանրահավաք տեղի ունեցավ Կապան քաղաքում, եւ կրքերը բավականին թեժացան: Հանրահավաքի ժամանակ մի կին խիստ վրդովված խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանի անցյալից ու հարց տվեց, թե որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը` պատերազմի ժամանակ. "Դուք եւ Ձեր ընտանիքը ի՞նչ է արել մեր պետության համար, եւ ինչո՞ւ են Ձեր երեխաները ԱՄՆ քաղաքացի: Հագուկապով, կեղտոտ ո՞նց կարող ա այսպես կեղտոտ ժողովրդի դեմը կանգի": Մեկ այլ տղամարդ էլ վրդովված էր, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարել է, թե ով ընտրել է Սերժ Սարգսյանին` նա անողնաշար է: Հովհաննիսյանը հորդորեց ոստիկաններին գործի անցնել:
Իսկ Զարուհի Փոստանջյանը ցույց էր տալիս իր ձայնային տվյալները եւ բանավիճում Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատողների հետ, բայց ամենազարհուրելի պահը այն էր, որ Րաֆֆին ելույթի ժամանակ հայտարարեց. "Այստեղ ես եմ Նժդեհը...": Ինչեւէ, մենք կապ հաստատեցինք ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ` հասկանալու համար, թե առհասարակ քաղաքական գործիչը իրավունք ունի՞ նման հայտարարություն անելու, եւ ինչպե՞ս կարելի է բնութագրել այդ հայտարարությունը անողին, ինչին պարոն Սահակյանը պատասխանեց. "Ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանը չի կողմնորոշվում, թե ինքը նախագահի թեկնածու է , թե միակ նախագահն է, հիմա էլ Գարեգին Նժդեհն է: Եթե նրա կենսագրությունը ուսումնասիրեք` կտեսնեք, թե E-mail-ով ինչպես է հրաժարական տվել Համահայկական հիմնադրամի ղեկավարի պաշտոնից, մի գիշերում ինչպես է հրաժարվել ԱԺ խմբակցության ղեկավարությունից, եւ մնացած քայլերի հերթականությունը` կհասկանաք, որ նման մարդու ոչ մի քայլը չի կարելի մեկնաբանել, նա անկանխատեսելի է: Հիմա էլ իր մեջ հայրենասիրություն է արթնացել, որոշել է, որ ինքը այլեւս Գարեգին Նժդեհն է: Դա այնպիսի քայլ է, որը չի կարելի մեկնաբանել: Մեր երեւակայության թռիչքը այդքան չի զարգացել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը գնահատենք":
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ