«ՋԱԶԻ ՍՐԲԱԶԱՆ ՀՐԵՇ»-Ը՝ ԳԱԼԻԱՆՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-րդ հոբելյանական համերգաշրջանի գալա-համերգ, որին իր մասնակցությունը կունենա ֆրնասիացի հանրաճանաչ ակորդեոնահար ՌԻՇԱՐ ԳԱԼԻԱՆՈՆ: Համերգը կղեկավարի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Այդ մասին «Իրավունք»-ը տեղեկացավ պետական կամերային նվագախմբի մամլո ծառայությունից:
«Ջազի սրբազան հրեշ» մականունը կրող Ռիշար Գալիանոն ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 2-ին, Կաննում (Ֆրանսիա): Հայտնի ակորդեոնահար Լուսիեն Գալիանոյի որդին սկսել է նվագել 4 տարեկանից: Նիցցայի կոնսերվատորիայում ուսանել է ակորդեոն, հարմոնիա եւ տրոմբոն:
1973թ. նա տեղափոխվում է Փարիզ, որտեղ մեծ տպավորություն է թողել Կլոդ Նուգարոի վրա: Նա երեք տարի որպես դիրիժոր եւ կոմպոզիտոր հանդես է եկել իր իսկ հիմնած խմբում: Գալիանոն մի շարք ձայնասկավառակներ է ձայնագրել հայտնի ֆրանսիացի երաժիշտներ Բարբարայի, Սերժ Ռեգիանի, Շարլ Ազնավուրի եւ Ջուլիետ Գրեկոյի հետ :
Ակորդեոնի բոլոր տեսակներին տիրապետող Գալիանոյի գլխավոր յուրօրինակությունը միջերկրածովյան ֆոլկ երաժշտության ինտեգրումն է ջազում:
Իր ստեղծագործական բուռն կյանքում Գալիանոն համագործակցել է Դանիել Հյումերի , Ժան Ֆրանսուա Ջեննի-Կլարկի , Էնրիկո Ռավայի, Չարլի Հադենի Միշել Պորտալի, ակորդեոնահար Անտոնելլո Սալիսի,երգեհոնահար Էդդի Լուիսի, Ժան Գարբարեկի, Մարշալ Սոլալի, Հերմետո Պասկոալի, Անուար Բրահեմի, Պաոլո Ֆրեսուի, Ժան Լունգրենի և Գարի Բարտոնի հետ :
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ