ՙՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԻ ՓՈՂԻ ՀԱՄԱՐ ԽԵՂՃ ԷՐԵԽԵՔԸ ԿՅԱՆՔՆԵՐԸ ԶՈՀԵՑԻՆ՚
Ապրիլի 7-ին Շիրակի մարզի Հովհանի եւ Վահրամաբերդ գյուղերի միջեւ ընկած հատվածում` ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, հայտնաբերվել են երկու մահացած երեխաների` Վահրամաբերդի բնակիչներ 15-ամյա Մուշեղ Գեւորգյանի եւ 12-ամյա Արթուր Մկրտչյանի դիերը: Ըստ խոսակցությունների` երեխաները ոչխարի հոտը արածեցնելուց են եղել, երբ տանկային հրաձգարանի տարածքում պայթուցիկ են հայտնաբերել... Կատարվածի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Վահրամաբերդի գյուղապետ ԱՂՎԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
-Երկուսն էլ, բազմազավակ ընտանիքի երեխաներ են, իրար հարեւան: Արթուրն ունի 7 քույր եւ 1 եղբայր, մայրը սպասում է նոր զավակի, իսկ Մուշեղից բացի նրանց ընտանիքում 4 երեխա կա: Երկուսի ընտանիքն էլ գտնվում ծայրահեղ ծանր վիճակում: Էն, որ ասում են. ՙՄի կտոր հացին կոնֆետ են ասում՚, իսկական էդպիսի ընտանիք է: Էդ երեխեքն էլ սաղ օրը ընկած ըստեղ-ընդեղ շիշ, ալյումին, պղինձ էին հավաքում, որ տանեն հանձնեն մի կտոր հաց տանեն տուն: Գնացել էին էդ տարածք` ալյումին հավաքելու նպատակով: Գտել են զանազան տեսակների արկերի եւ նռնակների մնացորդներ, կտորներ եւ, ամենայն հավանականությամբ, փորձել են դրանցից ալյումինը զատել եւ հավաքել պարկի մեջ` հանձնելու համար: Հետո դրանք մանրացնելու նպատակով հարվածել են քարի, ու պայթյուն է եղել: Քանի որ երկու տղաներն էլ իրար կողք են եղել, երկուսն էլ պայթյունի հետեւանքով անմիջապես մահացել են: Պայթյունը պոկել էր նրանցից մեկի ոտքն ու ձեռքը, իսկ մյուսի մարմինը կիսով չափ մասնատել: Փաստորեն մի կտոր հացի փող ունենալու նպատակով, խեղճ էրեխեքը կյանքները զոհեցին:
Նման պայթյուններ հաճախակի են պատահում: Տարիներ շարունակ այդ տարածներում կամ անասուն է պայթում զինամթերքի վրա, կամ սատկում է գետնից ՙբուսած՚ հաղորդալարերը ծամելիս` էլեկտրահարվելուց: Մի քանի տարի առաջ հովիվներից մեկի մատներն էր պոկել պայթուցիկը:
Հուղարկավորության ծախսերը հոգալու համար միջոցներ չկան. Չգիտենք էլ ինչով օգնենք մահացած էրեխեքի ընտանիքներին: Ստիպված տարբեր ծանոթ-անծանոթների, բարերար-հովանավորների ենք դիմել, խնդրել ենք օգնեն, որ կարողանանք հոգալ հուղարկավորման ծախսերը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
↧
ՙՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԻ ՓՈՂԻ ՀԱՄԱՐ ԽԵՂՃ ԷՐԵԽԵՔԸ ԿՅԱՆՔՆԵՐԸ ԶՈՀԵՑԻՆ՚
↧