ՀԱԿ-Ի ՈՒ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՔԱՅԼԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Վերջին տարիներին քաղաքական գործընթացներից դուրս մնացած ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ կուսակցությունների մեջ իսկական գաղափարախոսություն կրողը միայն ՀՅԴ-ն է: Թե արդյոք ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն ապագաղափարական է` ճշտեցինք ԱԺ ԲՀԿ պատգամավոր ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ հետ.
-ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն ունի իր հստակ գաղափարախոսությունը, իր ծրագրային դրույթներն ու կանոնադրությունը, որով արտացոլվում է այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք: Որեւիցե մեկի արտահայտությունը չեմ փորձի որեւիցե ձեւով վերլուծել կամ քննարկումների արժանացնել:
- Իսկ ԲՀԿ-ի շարքերը արդյո±ք համալրում են կուսակցության գաղափարախոսության համար:
- Մեր կուսակցության շարքերը համալրում են թե° ծրագրային դրույթների համար, թե° կուսակցության նախագահին եւ մեր գործունեությանը վստահելով, հստակ հասկանալով, որ ԲՀԿ-ում կա խոսքի եւ գործի համադրություն, ինչի համար հավակնում են դառնալ կուսակցության անդամ:
- Լավ, անդրադառնանք Նաիրա Զոհրաբյանի, ինչպես նաեւ ԲՀԿ-ի պատրաստակամությանը ՀԱԿ-ի` մարտի 1-ի հարցի վերաբերյալ ցանկացած որոշման հետ համաձայնելուն եւ ի հեճուկս դրան` Գագիկ Ջհանգիրյանի քվեարկության հետաձգման մասին հայտարարությանը: Արդյո±ք դա ճիշտ քայլ էր ՀԱԿ-ի կողմից:
- Ես որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցական խորհրդի անդամի ասածները չեմ փորձում վերլուծել, եթե իրենց ասածն է, կարծում եմ, հենց իրենց էլ պետք է հարցնել ու մանրամասնել: Մենք կարծում ենք, որ այն ամենը ինչ եղել է, ամենադաժան, ամենավատ եւ սեւ էջերն են, որոնք կարող էին լինել եւ եղան: Գտնում ենք, որ այս ամենը պետք է բացահայտվի մինչեւ վերջ, տեսանելի ու հասկանալի լինի ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, մեղավորներն էլ պետք է պատժվեն:
- Իսկ արդյոք չեք հիասթափվել ՀԱԿ-ի այդ հայտարարությունից:
- Կարծում եմ, որ որքան հնարավոր է, այդքան շուտ այս գործընթացը պետք է սկսվի: Սակայն նորից կնշեմ, որ իրենց արածները չեմ մանրամասնի կամ չեմ փորձի քննարկել: Հիասթափությունը քաղաքական կատեգորիա չէ դեռեւս, չեմ փորձում այդ տեսանկյունից նայել այդ հարցին: Ամենակարեւորն այն է, որ հարցի լուծումը ստանանք:
- Ինչ եք կարծում` Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը ցուցմունք կտա±ն մարտի 1-ի գործի հետ կապված:
- Ես նրանց փոխարեն չեմ պատասխանի այդ հարցին:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ